Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի, Նախիջևանի, Երևանի հայոց բոլոր մելիքները և քալանթարները, այնտեղ էր Թիֆլիսի իշխան Մելիք—Աշխալ—բեկի որդի Աղա—բեկը (իշխան Բեհբուդյանների պապը), որը մասնակցեց Նադիրի հնդկական արշավանքներին։

Նույն տարվա փետրվար ամսում, Մուղանի անապատում, կատարվեցավ Նադիրի թագադրության հանդեսը։ Հայոց Աբրահամ կաթողիկոսը օրհնեց նրա սուրը և իր ձեոքով կապեց պարսից նոր թագավորի մեջքին։

Թագադրությունից հետո, Նադիր—շահը այնտեղ հավաքված ավագներին զանազան պաշտոններ և աստիճաններ շնորհելու ժամանակ, վարձատրեց և հայոց մելիքների կատարած քաջագործությունները, որոնք այնքան եռանդ էին ցույց տվել օսմանցիներին կոտորելու գործում։ Առանձին ֆիրմաներով նրանց կրկին հասատեց իրանց հայրենական իշխանությունների մեջ, իրավունք տալով յուրաքանչյուրին անկախ կերպով կառավարելու երկիրը, վճարելով ամեն տարի մի որոշյալ քանակությամբ հարկ։ Այնուհետև մելիքները կախումն ունենալով միայն շահից, իսկ իրանց իշխանության մեջ վայելելով ինքնավարության կատարյալ իրավունքներ, որպես վալիներ (ավատական իշխաններ) ավելի հանգիստ ապահով դրություն ստացան և սկսեցին ավելի ևս զորացնել իրանց ուժերը։

Մի քանի մելիքներ առանձին աստիճաններ ստացան։ Ջրաբերդի Մելիք—Իսրայելի որդի Մելիք—Ալլահ—Ղուլին ստացավ սուլթանի աստիճան[1] և կոչվեցավ Ալլահ—Ղուլի—սուլթան։ Շահի առանձին շնորհը վայելում էր Տիզակ գավառի Մելիք—Ավանը (Եգանը), որին շահը «բաբալըղ» էր կոչում, որ նշանակում է հոգևոր հայր։

Մելիք—Ավանը Ղարաբաղի մելիքների գահերեցն էր. դա մի ամբողջ տարի իր ծախքով կերակրեց շահի զորքերին. դա էր պարագլուխը մեր վերև հիշած սարսափելի կոտորածի, որով մի գիշերվա մեջ հայերը ոչնչացրին Ղարաբաղում գտնված բոլոր օսմանցիներին։

Շահը շնորհեց նրան խանության աստիճան, կոչվեցավ Մելիք—Ավան—խան և կարգեց Խամսայի հինգ մելիքությունների գլխավոր. դրա մոտ էին հավաքվում վճարելիք հարկերը և դրա ձեռքով էին հանձնվում արքունի գանձարանին։

  1. Սուլթանը չպետք է հասկանալ այն մտքով, ինչ նշանակություն որ ունի այժմ Թուրքիայում: Սուլթանը այժմյան Պարսկաստանում զինվորական աստիճան է, իսկ Նադիրի ժամանակ այդ տիտղոսը տրվում էր առանձին գավառների կամ փոքրիկ վիճակների տիրապետողներին