Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նազան շքանշանների և պատվի, թեև նրա այցելությունների նպատակը իր անձնական փառասիրությունը չէր, այլ նա աշխատում էր իր դժբախտ հայրենիքի փրկության համար Մեծն Պետրոսի օգոստափառ դուստրը ցանկացավ ծերունի հերոսին անձամբ տեսնել Ս. Պետերբուրգում և նշանակեց առանձին աուդենցիա։ Գրաֆ Մինիխը և գրաֆ Րազումովսկին Մելիք-Ավան-խանին իր ամբողջ ընտանիքի հետ ներկայացրին կայսրուհուն։ Ընդունելության ժամանակ կայսրուհին տեսնելով մի մանկահասակ գեղեցկուհի, որը մելիքի թոռն էր, այնքան սիրեց նրան, որ ցանկացավ պահել իր արքունիքում, իբրև պալատական օրիորդ (ֆրեյլեյն)։ Մինչև Ավան-խանի Ս. Պետերբուրգից հեռանալը, կայսրուհին պահեց նրան իր պալատում և միայն ծերունի մելիքի շատ խնդրելու համար, թույլ տվեց օրիորդին, որ իր ծնողների հետ վերադառնա իր հայրենիքը, պարգևելով նրան շատ ընծաներ։

Վերադառնալով իր հայրենիքը՝ Տիզակ, Մելիք-Ավան-խանը երկար չապրեց. նա վախճանվեցավ 1744 թ. և մարմինը թաղվեցավ իր Տող անունով բերդի եկեղեցու գավթում։ Նրա մահից հետո, երեց որդին՝ Մելիք-Արամը, միայն մի տարի իշխեց և մեռավ, հետո իշխանությունը ձեռք առեց կրտսեր և եղբայրը՝ Մելիք-Եսային, որը, ինչպես հետո կտեսնենք, սպանվեցավ Շուշիի Իբրահիմխանի դավաճանությամբ։ Մելիք-Ավան-խանի ժառանգների մեծ մասը դավաճանության զոհ եղան։ Այդ էր պատճառը, որ նրա այրի կինը՝ Գոհար-խանումը (ханша) ստիպված եղավ թողնել իր հայրենիքը և մնացած զավակների հետ գաղթել Աստրախան, որտեղից իր բնակությունը տեղափոխեց Ղզլար, երբ այդ քաղաքը շինվեցավ։ Մելիք-Ավան-խանի և նրա եղբոր ժառանգներից առաջ եկան իշխան Սումբատյանները, իշխան Մելիքովները և Հայրապետյանները, որոնք մի ժամանակ Աստրախանում, Ս. Պետերբուրդում և Մոսկվայում ռուսաց նշանավոր պաշտոնների մեջ մտան։


IX

Փանահ-խանի հայտնվելը


Երբ Նադիր-շահը Մուղանի դաշտում իրան պարսից թագավոր հայտնեց, այդ ժամանակ Կուր գետի աջ եզերքի մոտ գտնված անապատների վրա թափառող մի թուրք ցեղից, որ տեղի անունով կոչվում էին ջուանշիրցիք, բավական մեծ բազմություն