Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաղավարների մեջ, կամ գետնափոր խրճիթներում, իսկ գարնան սկզբից մինչև աշնան վերջը սփռվում էին Ղարաբաղի լեռների վրա, իրանց անասունները արածացնելու համար։ Զուրկ լինելով հաստատ բնակությունից, նրանք զուրկ էին և հողի սեփականությունից։ Ամբողջ Ղարաբաղը գտնվելով հայ մելիքների իշխանության ներքո, ջուանշիրցիները ստիպված էին իրանց ոչխարներից տասանորդ վճարել, որպեսզի թույլ տրվի իրանց անասունները արածացնել մելիքների արոտատեղերում։

Երկրի աշխարհագրական գիրքն այնպես էր, որ լեռնային անտառապատ բարձրավանդակները, հովասուն հովիտները, որոնց վրա ամառային տոթերի ժամանակ կարող էր խաշնարածը ապաստան գտնել, հայ մելիքների ձեռքում էին։ Իսկ լեռներից սկսած անջուր, ցամաք տափարակների վրա, որ տարածվում էին մինչև Կուր գետի ափերը, թափառում էին ջուանշիրցիները։ Փանահ-խանը մտածում էր Ղարաբաղի լեռների վրա, մի տեղում հաստատ ոտքի տեղ ունենալ։ Մի ամուր դիրք ռազմագիտական նպատակով նրանց պետք էր իր նպատակները իրագործելու համար։

Սկզբում նա գնաց Բայաթի[1] և այնտեղ սկսեց մի բերդ հիմնել։ Բայց Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Ալլահ֊ղուլի սուլթանը, միանալով Շիրվանի Հաջի-Չելեբի անունով կառավարչի հետ, ոչնչացրին այդ հիմնարկությունը։ Հետո նա սկսեց Շահ-բուլաղի մոտ, Թարանակյուրտ (Տիգրանակերտ) կոչված ավերակների վրա մի այլ բերդ կառուցանել Ասկարան անունով։ Բայց Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Ալլահ ղուլի սուլթանը և Խաչենի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդին, այդ բերդը մոտ գտնելով իրանց երկիրների սահմաններին, սկսեցին պատերազմել նրա հետ և դարձյալ ոչնչացրին:

Տեսնելով այդ արգելքները հայ մելիքների կողմից, խորամանկ Փանահ-խանը մտածեց երկպառակել նրանց միաբանությունը և այսպիսով, թուլացնել նրանց ուժերը, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակները։ Նրան նպաստեցին մի քանի անցքեր, որ կատարվեցան այդ միջոցներում և որոնք սկիզբ Ղարաբաղի մելիքների քայքայմանը... Այդ էջերն այնքան տխուր տեղ են բռնում Ղարաբաղի մելիքների պատմության մեջ, որ մենք ավելորդ չենք համարում մի փոքր ընդարձակ խոսել այդ մասին:

  1. Բայաթ ավերակ քաղաքատեղ է Գարգար գետի մոտ