Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

X

Տիզակ Մելիք֊ Ավան֊խանը, Պետրոս Մեծի և Նադիր֊շահի սիրելին, Ղարաբաղի մելիքների գահերեցը, վաղուց արդեն վախճանված էր (1744), նրա մահից հետո Ղարաբաղի իշխանների մեջ չկար մի այնպիսին, որ նրա չափ հանճար և հեղինակություն ունենար, որ կարողանար պահպանել մելիքների մեջ խաղաղ ներդաշնակություն։ Հանգուցյալի երեց որդին, Մելիք֊Արամը, միայն մի տարի իշխեց։ Նա այնքան թույլ մարդ էր, որ երբ Նադիր-շահի միակ որդին վախճանվեցավ և հարկավոր եղավ շահին մխիթարելու համար մի պատգամավորություն ուղարկել, փոխանակ ինքը գնալու կամ ուրիշ արժանավոր մարդիկ ուղարկելու, ուղարկեց իր կնոջը։ Խելացի կինը զարմացրեց պարսից բոլոր պալատականներին, երբ իր սվիտայի հետ, սգազգեստ ներկայացավ շահին։ Իր մխիթարական ճառից հետո, տիկինը, բավական խորամանկ քաղաքավարությամբ, մատուեցց շահին 6,000 թուման փիշքեշ, ասելով, «Դուք այնքան ողորմած էիք, որ գնահատելով Մելիք-Ավան-խանի ձեզ մատուցած ծառայությունները և հարգելով նրա ծերությունը, ձեր «բաբալըղ» (հոգևոր հայր) էիք կոչում։ Նրա վախճանից հետո արժան էր, որ դուք ևս ձեր մասը ստանայիք ձեր հայրացուի ժառանգությունից։ Եվ ես ահա բերեցի ձեր բաժինը։ Շահին այնքան հաճո թվեցավ այդ ընծան, որ հրամայեց երկու այն չափով պարգևներ տային նրան իր գանձարանից և մեձ հարգանքով ճանապարհ դրեց, նրա ձեռքով ուղարկելով նրա ամուսնի, Մելիք-Արամի, հաստատության ֆիրմանը։

Վերադառնալով Պարսկաստանից, տիկինը գտավ իր ամուսնին վախճանված։ Փանահ-խանի թելադրությամբ մի դավաճան հայ թունավորել էր նրան։ Մելիք-Արամի մահից հետո Տիզակի իշխանությունը իր ձեռքն առեց հանգուցյալի կրտսեր եղբայր Մեյիք-Եսային, որը իր հատկություններով բոլորովին նման էր իր հորը։ Մինչև այսօր Տիզակ գավառի բնակիչները հիշում են հին ավանդությունը, թե երբ Մելիք֊ Եսային ծնվեցավ, մանկաբարձ պառավները նկատեցին, որ տղայի աջ ձեռքի մատնեքը խփված էին: Երբ բուռը բաց արին, տեսան ափի մեջ լիքն էր արյունով: Այն օրից նախագուշակեցին, որ երբ այդ մանուկը կմեծանա, դրա ձեռքով շատ արյունահեղություններ կլինեն։ Եվ իրավ, Մելիք Եսային իր ամբողջ կյանքը անցկացրեց պատերազմներով։