մարդ էր, բայց մի ոտքով կաղ և փոքրահասակ։ Նա ուներ մի եղբայը ևս, որը ընդհակառակն վայելչահասակ, գեղեցիկ և չափազանց փառասեր տղամարդ էր։ Դա էր Մելիք-Շահնազար II[1], Ղարաբաղի կործանիչը…
Իր ընտանեկան կյանքում Մելիք-Շահնազարը սաստիկ անբարոյական մարդ էր. պարսիկների սովորությանը հետևելով, իր տունը լցրել էր բազմաթիվ հարճերով։ Բացի դրանից, նա ուներ իր առաջին օրինավոր կինը Թագում (Թագուհի) անունով, որը Խաչենի Հասան-Ջալալյան իշխանների տնից էր։ Թագումի մեռնելուց հետո Մելիք-Շահնազարը բռնությամբ խլեց կենդանի ամուսնից նրա գեղեցիկ կինը Սոնա անունով (որը Տիզակի իշխան Մելիք-Եսայու աղջիկն էր) և պսակվեց նրա հետ։ Նույնիսկ Սոնայի կենդանության ժամանակ Մելիք-Շահնազարն ամուսնացավ իր հանգուցյալ կնոջ, Թագումի, հարազատ եղբոր Մալայիկ անունով դստեր հետ, և այսպիսով, մտցրեց իր ընտանիքի մեջ մահմեդական բազմակնությունը։ Մելիքի այդ տեսակ վարմունքները սաստիկ վիրավորեցին ժողովրդի կրոնական զգացմունքը և նրան ատելի դարձրին Ղարաբաղի մյուս մելիքների մոտ։ Բայց նրա կատարած մի եղեռնագործությունը հրավիրեց իր վրա բոլոր մելիքների վրեժխնդրությունը։
Մելիք-Շահնազարը փառասեր, հանդուգն և ոխերիմ մարդ էր. նա չկարողացավ համբերել, որ իր եղբայր Մելիք-Հովսեփը վարեր Վարանդայի իշխանությունը, թեև նա կարգված էր Նադիր-շահից։ Մի գիշեր հարձակվելով Մելիք-Հովսեփի տան վրա, իր ձեռքով սպանեց եղբորը և նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Կոտորածից ազատվեցավ մի երեխա միայն, փոքրիկ Սայի-բեկը, որին դայակը ծածուկ փախցրեց Խաչեն գավառի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու մոտ, որը երեխայի քեռին էր[2]։
- ↑ Մելիք-Հովսեփ և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, վերջինը ծնված էր Մելիք-Ավան-խանի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Տիզակի իշխան Մելիք-Ավան-խանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրա-խանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ։
- ↑ Ավետարանոց (Չանախչի) բերդը շատ անգամ եղել է հանդիսարան արյունոտ գործերի։ Մենք նկարագրեցինք Մելիք-Հուսեին մեծի ժամանակ տեղի ունեցած օսմանցիների կոտորածը այդ բերդում։ 1723 թ. օգոստոս 20-ին, ղափանցի Ղանլու-Շաբան անունով հայ իշխանը 300 ձիավորներով հյուր է գալիս Ավետարանոց բերդի Մելիք-Միրզա-բեկի մոտ (Մելիք-Բաղիի որդին)։ Չնայեյով, որ Մելիք-Միրզա-բեկը հին ոխ ուներ Ղանլու-Շաբանի հետ, այսուամենայնիվ, սիրով ընդունում է նրան իր տանը և նրա սվիտային որպես հյուրեր բաժանում է իր գյուղացիների տներում։ Գյուղացիները պատվերներ են ստանում, հենց որ գիշերը Մելիքի տնից լսելի կլինի հրացանի ձայն, ամեն մարդ պատրաստ լինի իր հյուրին սպանելու։ Այսպիսով մի գիշերվա մեջ կոտորում են բոլոր 300 ձիավորներին՝ իրենց իշխանի հետ։ Դա միևնույն Մելիք-Միրզա-բեկն էր, որին Նադիր-շահը գլխատել տվեց։