Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սպանելով իր եղբորը, Մելիք֊Շահնազարը բռնությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Բայց նրա եղեռնագործությունը սաստիկ բորբոքեց իր դեմ Ղարաբաղի մյուս չորս մելիքների բարկությունը։ Նրանք միաբանվեցան Մելիք֊Շահնազարից վրեժխնդիր լինելու համար։ Դրանք էին՝ Գյուլիստանի Մելիք֊Բեգլարյան Մելիք֊Յուսուրը, Ջրաբերդի Մելիք֊Իսրայելյան Ալլահ-Ղուլի֊սուլթանը, Խաչենի Մելիք֊Ալահվերդին և Տիզակի Մելիք֊Ավանյան Մելիք-Եսային։ Իրանց զորքերով այդ չորս մելիքները դիմեցին դեպի Վարանդա։ Մելիք֊Շահնազարը ամրացավ իր Ավետարանոց բերդի մեջ։ Պաշարումը երկար տևեց, ձմեռը վրա հասնելով, բերդը չկարողացան գրավել, բայց Վարանդայի գյուղերի մեծ մասը ավարի առնելով, ավերակ դարձնելով, մելիքները վերադարձան իրանց տեղերը, պայման դնելով, որ հետևյալ գարունքին կրկին արշավանք գործեցին, Ավետարանոց բերդը կործանելու համար։

Փանահ֊խանը այժմ հասավ իր նպատակին։ Ղարաբաղի մելիքների մեջ սկսվեցավ ներքին պատերազմը։ Նա շտապեց օգուտ քաղել այդ հանգամանքներից։

Մեյիք֊Շահնազարը որքան էլ հանդուգն, աներկյուղ մարդ լիներ, դարձյալ գիտեր, որ իր ուժերը չէր կարող հավասարեցնել բոլոր չորս մելիքների անհամեմատ մեծ զորությանը։ Այդ պատճառով նա սաստիկ անհանգստությամբ սպասում էր գարնան արշավանքին։ Նրան պետք էր մի դաշնակից, մի օգնական, և նա ձեռք մեկնեց իր հայրենիքի ոխերիմ թշնամուն,— ջուանշիրցի ավազակին…

Մյուս մելիքները ավելի կատաղեցան, երբ նկատեցին, որ Մելիք-Շահնազարը միացավ Փանահ֊խանի հետ, որի չար դիտավորությունները, Ղարաբաղի հայկական բոլոր իշխանությունները ոչնչացնելու մասին, ամենքին հայտնի էին։

Փանահ֊խանը իր կողմից շատ ուրախ եղավ, երբ մելիքների միաբանությունը քանդված տեսավ, երբ նրանցից մեկը, և ամենանշանավորը, անցավ իր կողմը։ Վաղուց նա դիտավորություն ուներ մտնելու անմատչելի Ղարաբաղցիների տներում: Գյուղացիները պատվերներ են ստանում, հենց որ գիշերը Մելիքի տնից լսելի կլինի հրացանի ձայն, ամեն մարդ պատրաստ լինի իր հյուրին սպանելու: Այսպիսով մի գիշերվա մեջ կոտորում են բոլոր 300 ձիավորներին` իրենց իշխանի հետ: Դա միևնույն Մելքի-Միրզա-բեկն էր, որին Նադիր-շահը գլխատել տվեց: