Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի սրտի մեջ և մի հարմար դիրքի վրա ցանկանում էր մի ամուր բերդ հիմնել։ Նրա Բայաթի և Ասկարանի բերդերը, ինչպես տեսանք, հայոց մելիքները ոչնչացրին։

«Ձեր Չանախչին պաշտպանության համար խիստ անհուսալի դիրք ունի,— ասաց Փանահ—խանը Մելիք—Շահնազարին,—պետք է որոնել մի ավելի ամուր դիրք և ես մի այսպիսի տեղ ի նկատի ունեմ, որի վրա բերդ հիմնելով, կլինենք այնուհետև բոլորովին ապահովված…»։

Փանահ—խանը ցույց տվեց Վարանդայի գավառում մի տեղ, Գարգար գետի վրա, որր Մելիք—Շահնազարի սեփական կալվածքն էր և բնությունը, իրավ որ, այդ անմատչելի լեռնային բարձրավանդակը ստեղծել էր ամուր բերդ լինելու համար։ Երկու դաշնակիցները սկսեցին բերդի հիմնարկությունը։ Մելիք—Շահնազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որ իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ… Մի կողմից բերդի կառուցումը առաջ տանելու, մյուս կողմից մելիքների հետ պատերազմ մղելով, երկու դաշնակիցները շուտով վերջացրին շինությունը (1752) և մերձակա Շոշի ավանի հայ բնակիչներին տեղափոխելով այնտեղ, բերդը կոչվեցավ Շոշի կամ Շուշի։

Փանահ֊խանը մտնելով Ղարաբաղի սրտի մեջ, իր դաշնակից Մելի ֊Շահնազարի աջակցությամբ, ոչ միայն կարողացավ պաշտպանվել մյուս հայ մելիքների հարձակումների դեմ, այլ իր իշխանությունը տարածեց և այն թուրք ցեղերի վրա, որոնք առաջ չէին խոնարհվում նրան։

Ինքը Փանահ֊խանը իր ծագումը ստացած լինելով ավելի աննշան և ստոր ցեղից, որպես էին սարուջալլուցիք, մյուս ավելի զորեղ և նշանավոր ցեղերը (ջուանշիրցիք, քաբիրլուցիք և օթուղիքի`այսինքն երեսուներկու կոչված ցեղը) արհամարհանքով էին նայում նրա վրա։ Եվ մանավանդ իրենց նահապետական սովորություններին խիստ հակառակ էր թվում խոնարհվել մեկ միապետի հրամանի ներքո, որր պարսից խանի տիտղոս էր կրում։ Բայց Մելիք֊Շահնազարի օգնությամբ այդ բոլորին կարողացավ հետզհետե զսպել նա։

Իսկ հայոց մելիքների վերաբերությամբ դեռ վճռական քայլ չէր անում նա, աշխատում էր առանձնացնել նրանց, աշխատում էր երկպառակություն սերմանել նրանց մեջ և փոքր առ փոքր նրանց ուժերը թուլացնել։