Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լահվերդուն մի հնարքով կբռնի և իր ձեռքը կտա, նրան ամբողջ Խաչեն գավառի վրա մելիք կկարգե։

Միրզա-խանը, հրապուրված խանի խոստմունքներից, դիմեց Մելիք-Ալլահվերդու մոտ, հայտնեց նրան, թե իրան հայտնի է, որ Փանահ-խանը ավելի մեծ պատրաստություներով հարձակվելու է նրա վրա և թե նրա սեփական ամրոցը այնքան հուսալի մի տեղ չէ, որի մեջ կարելի լինի պաշտպանվել թշնամու այս անգամվա ահագին զորության դեմ և խորուրդ տվեց ամրանալ Կաչաղակաբերդի մեջ, որը անառիկ և անմատչելի դիրք ուներ։ Որպես ստորադրյալ և պաշտոնյա, Միրզա-խանը առաջարկեց իր պատրաստականությունը ամեն կերպով օգնելու իշխանին, ավելացնելով, թե ինքը արդեն պատրաստած ունի Կաչաղակբերդի մեջ մի քանի ամիսների համար պաշար, որ նա կարող է ապահով կերպով պաշտպանվել թշնամու դեմ, եթե այդ բերդը պաշտպանված կլինի։ Նա իշխանին հրավիրեց իր տունը, որ այնտեղից միասին գնան Կաչաղակաբերդը, որը շատ հեռու չէ Խնզիրիստանից։ Բայց նույն գիշերը ընթրիքի ժամանակ դավաճանը սենյակից դուրս եկավ և իր հետևից կողպեց դուռը, իշխանին այնտեղ մենակ թողնելով։ Այդ միջոցին Փանահ-խանի և Մելիք-Շահնազարի մարդիկը, որ առաջուց պահված էին նրա տան մեջ, վրա հասան և կալանավորեցին իշխանին։ Փանահ-խանը նրան տվեց դահիճների ձեռքը և գլխատեցին, նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Այդ ժամանակ Մելիք-Շահնազարը սպանել տվեց իր եղբորորդի փոքրիկ Սայի բեկին, որ նույն ընտանիքի մեջ պահված էր։ Եղեռնագործը իր եղբոր այրան մեջ շաղախված ձեռքերը թաթախեց դժբախտ զավակի այրան մեջ…

Փանահ-խանը կատարեց իր խոստմունքը. դավաճան Միրզա-խանին կարգեց Խաչենի վրա մելիք (1755) և այն օրից Հասան-Ջալալյան իշխանների տիրապետությունը համարյա թե ընկավ։ Թե ինքը Մելիք-Միրզախանը և թե նրա ժառանգները (Մելիք-Ալլահվերդին[1] և Մելիք-Ղահրամանը) հավատարմությամբ ծառայեցին Շուշիի խանեին և կտրվելով հայոց մելիքների դաշնակությունից, անթիվ վնասներ հասցրին Ղարաբաղի հայոց իշխաններին։

Եվ այսպես Ղարաբաղի հինգ մելիքություններից երկուսը, Վարանդան և Խաչենը, անցան Փանահ-խանի կողմը։

  1. Այդ Մելիք-Ալլահվերդուն պետք չէ շփոթել Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու հետ։