ված համարել, մինչև որ Ղարաբաղում կգտնվեն այս տեսակ նշանավոր հայ պետեր։ Փանահ-խանը, արդարև, դավաճանեց իր պայմանին. Ալլահ-Կուլի-սուլթանին կալանավորեց, տարավ Շուշի բերդում բանտարկեց և մի քանի օրից հետո գլխատել տվեց (1756)։ Այսպես վարվեցավ իր բարերարի հետ, որի մոտ առաջ ծառայում էր նա և որը ազատեց նրա կյանքը Նադիր-շահի դահիճների ձեռքից…
Այդ անցքը, որի իսկությունը չի ուրանում և պարսից պատմությունը, Ղարաբաղի ժողովրդական ավանդությունների մեջ լեգենդական ձև է ստացել։ Մինչև այսօր չեն մոռացվել ժողովրդի բերանում այն երգերը, որ հսկա կալանավորը երգում էր իր բանտի մեջ։ Նա կոչում էր իր քաջ եղբորը՝ Մելիք-Աթամին, նա կոչում էր իր անպարտելի նիզակակցին՝ Դալի-Մահրասային, հորդորում էր Շուշին քարուքանդ անել, արյունով շաղախել նրա մոխիրն ու հողը և իրան ազատել բանտից։ Դրանցից և ոչ մեկը չէ հայտնվում. հսկայի ձայնին օգնության է հասնում սիրող կինը. նա Փանահ-խանի հարեմի ամենագեղեցիկն էր։ Գիշերը, կալանավորին ընթրիք տանելու ժամանակ, սիրահարված գեղեցկուհին թաքցնում է փլավի մատուցարանի մեջ բանտի և նրա երկաթյա ոտնակապերի բանալիները, որ նա բաց անե և փախչե։ Բայց հսկան պատասխանում է, հայոց քաջերը փախչելու սովորած չեն. եթե ինքը ցանկանա, այդ բանալիներին կարոտություն չունի։ Եվ նա զորավոր ձեռքով փշրում է իր շղթաները և նրանց կտորտանքը լցնելով փլավի մատուցարանի մեջ, հետ է ուղարկում, ասելով. «Դավաճանությունը կպատժվի… իր արյունը առանց վրեժխնդրության չի մնա…»։
Ալլահ-Կուլի-սուլթանի աղետալի մահից հետո Ջրաբերդի մելիքության կառավարությունը անցավ նրա կրտսեր եղբոր՝ Մելիք-Աթամի ձեռքը։ Դա իր բոլոր հատկություններով շատ նման էր իր քաջ եղբորը։ Մանկության հասակից իբրև պատանդ պահված լինելով Դաղստանի Խոսրով-սուլթանի մոտ, Մելիք-Աթամը վարժվեցավ տեղային լեռնաբնակների հերոսական հատկությունների մեջ։ Նրան ազատեց այնտեղից Նադիր-շահը իր Դաղստանի արշավանքի ժամանակ։
Զրկելով Ջրաբերդը իր հզոր իշխանից, Փանահ-խանը կարծեց դաշնակից մելիքների ուժերը բոլորովին թուլացած, և նա հանդգնաբար հրաման գրեց Գյուլիստանի Մելիք-Յուսուբին, բացարձակ կերպով պահանջելով նրանից, որ հպատակություն ընդունե։ Այդ