բերդում իբրև պատանդ պահեց, գուցե դրանով ազատվեր որդու հասցրած վնասներից։ Մի օր խանը ասաց Սարգսին.— Խրատիր քո որդուն, որ դադարե չարագործությունից. նա Ղարաբաղի երկիրը ավերակ դարձրեց. Մազե-կամուրջը թողեց կարոտ մարդիկների անցուդարձից։— Ես Արզուման անունով որդի չունեմ, պատասխանեց ծերունի հայրը սառնասրտությամբ։— Ինչպե՞ս չունես, հարցրեց խանը բարկանալով։— Մի՞թե այն արյունարբու Արզումանը, որ իմ երկրները կողոպտում է, որ իմ շինականների տները հրդեհում է, որը ինձ ամեն օր հանգստություն չէ տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ։— Այո՛, իմ որդին չէ, պատասխանում է դառնացած ծերունին,— եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չի պիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ…»
Խանը հրամայեց, իսկույն գլխատեցին հունդուգն ծերունուն։ Իսկ Արզումանը սպանվեցավ Գանձակի պաշարման ժամանակ, որի մանրամասնությունները կտեսնենք հետո։
Չալաղան-Յուզբաշու պատմությունը կարճ է. նա բովանդակվում է հենց իր մականունի մեջ, որ ժողովուրդը տվել էր նրան։ Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ։ Եվ իրավ, նա ավելի մի ավազակապետ էր, քան թե զորապետ։ Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երիցմանկաց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանում էին ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ։ Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետը»։ Նրա իսկական անունը հայտնի չէ. ժողովուրդը իր սիրելի հերոսին կոչում էր իր արհեստի անունուվ։ Այն ևս հայտնի չէ, թե որպիսի վախճան ունեցավ այդ քաջը։ Միայն պատմում են, թե դա էր այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին դեպի ռուսաց արքունիքը և իրանց հայրենիքի փրկության համար օգնություն էին խնդրում։ Երբ տեսան դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով։
XIII
Հայոց դաշնակից մելիքները նկատեցին, որ Փանահ-խանին իսպառ ոչնչացնելու համար և նրա կողմնակից երկու հայ մելիքներին (Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզախանին) պատժելու համար պետք էր արտաքին ուժերից ևս օգուտ քաղել։