խանին և առաջարկում են նրան իրանց դաշնակցությունը, միանալու մասին վրաց իշխանի դեմ։ Այդ Հաջի-Չելեբին հաշտ էր հայոց մելիքների հետ. մենք տեսանք, դեռ մի քանի տարի առաջ նա միացավ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի հետ և միասին քանդեցին Փանահ-խանի Ասկարան անունով բերդը։ Նա սաստիկ ատելություն ուներ դեպի վրացիները, այդ պատճառով սիրով ընդունեց Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի առաջարկությունը։
Մինչև Հաջի-Չելեբիի Կուր գետը անցնելը, մինչև հայոց երկու մելիքների հետ միանալը, կատարվեցավ մի այլ անցք։ Վրաց իշխան Թեյմուրազը Գանձակի մոտից անցկենալու ժամանակ, նրա զորքերը կողոպտում էին ճանապարհի վրա պատահած գյուղերը։ Նրա առաջ դուրս եկավ տեղային իշխան Շահվերդի-խանը, երկուսի մեջ սաստիկ կռիվ ծագեց Շահվերդի-խանը գերի բռնվեցավ։ Այդ միջոցին վրա հասավ Հաջի-Չելեբին, հայոց երկու մելիքների հետ։ Մի թեթև ճակատամարտից հետո, որ կատարվեցավ Շեյխ-Նիզամի կոչված տեղում, վրացիները հաղթվեցան և թողնելով իրանց հափշտակած բոլոր ավարը, սկսեցին փախչել դեպի Թիֆլիս։ Հայոց և Հաջի Չելեբիի զորքերը հետամուտ եղան, հալածեցին նրան մինչև Սընըղի կամուրջը, անցան Ղազախի և Շամշադինի գավառները, և, ամեն տեղ թալանելով, ետ դարձան։
Բայց այն, ինչ որ հայոց մելիքների ամենագլխավոր ցանկությունն էր, դժբախտաբար չկատարվեցավ։ Նրանք չկարողացան ձեռք ձգել ոչ Փանահ-խանին, ոչ Մելիք-Շահնազարին և ոչ էլ Մելիք-Միրզախանին։ Որովհետև մինչև նրանց հասնելը, Թեյմուրազը հիշյալ գերիներից մեծ գումար ստանալով, բաց էր թողել։ Հայոց մելիքները կարողացան ազատել միայն Գանձակի Շահվերդի-խանին և այդ երախտիքը ապագայում մեծ օգուտ ունեցավ, որովհետև, որպես պիտի տեսնենք հետո, Գանձակի խաների և հայոց մելիքների մեջ կազմվեցավ սերտ բարեկամական հարաբերություն։ Գանձակի բերդը դարձավ հայոց մելիքների և նրանց ժառանգների ապահով ապաստարան. ամեն մի տագնապի և դժվարին դեպքերի ժամանակ այստեղ էին պատսպարվում։
XIV
Գանձակի Շահվերդի-խանը[1], բացի վերոգրյալ պատճառներից, վաղուց արդեն երախտապարտ էր Մելիք-Աթամին և նրա լավ
- ↑ Շահվերդի-խանը Ուղուրլու-խանի որդին էր։