Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ներքին կռիվ։ Դրա համար ժամանակ չունեցավ Մելիք-Եսայուն օգնելու։

1781 թվին Իբրահիմ-խանը իր բարեկամ երկու մելիքների հեա պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը: Նա քաջությամբ պաշտպանվում էր։ Պաշարումը տևեց երկար։ Հետո խանր Մելիք-Շահնազարի խորհրդով ուղարկեց նրա մոտ մի քահանա և մի նշանավոր հայ մարդ[1], երդումով, խաչով Ավետարանով, որ Մելիք-Եսային ցած իջնե իր բերդից հաշտվելու համար։ Նա հավատաց և դուրս եկավ բերդից։ Իբրահիմ-խանը նրան բանտի մեջ խեղդել տվեց. նրա ամբողջ կայքը հափշտակեց և տունը ավերակ դարձրեց[2]։

Մելիք֊Եսային խաբեության զոհ դառնալուց հետո, նրան հաջորդեց իր եղբոր (Մելիք-Աթամի) որդի Մելիք-Բախտամը:

Իբրահիմ-խանը ունեցավ մի երկրորդ ամուսնություն ևս, որը ոչ սակայն նպաստեց նրա զորանալուն։ Նա կին դարձրեց Դաղստանի Ավարիա գավառակի իշխող Օմար-խանի (Ումայի֊խան) աղջկան, որ կոչվում էր Բիքա։ Այդ Օմար-խանը Նուսխալ-խանի որդին էր։ Փեսա դառնալով, մի կողմից Վարանդայի հայոց իշխանին, մյուս կողմից, Դաղստանի լեռնաբնակների խանին, Իբրահիմ-խանը սկսեց օրըստօրե զորանալ։ Ամեն մի սպառնալից դեպքում, նա կամ Դաղստանից օգնություն էր ստանում, կամ փախչում էր իր աներոջ մոտ, կյանքը ազատում էր։

Բայց միայն Մելիք-Շահնազարը և Օմար-խանը չէին իբրահիմ-խանի զորանալու պատճառները. տեղի ունեցան և ուրիշ առիթներ, որոնք ոչ սակավ ուշադրության արժանի են:

1775 թվին, որպես հիշեցինք, վախճանվեցավ Գյուլիստանի Մելիք֊Բեգյարյան Մելիք-Ցուսուբը ծերության հասակում։

  1. Անունները հայտնված չեն այն գրչագիր պատմության մեջ, որից մենք քաղում ենք այդ անցքը։
  2. Նրա գերեզմանը գտնվում է բերդի եկեղեցու գավթում. տապանաքարի վրա կարդացվում է հետևյալ արձանագրությունը: Այս է տապան քաջ իշխանին, Սայի անուն մեծ մելիքին, կարգեալ իշխան Նադիր-շահին, եռեսուն երեք ամ տիրեաց Տիզակ երկրին. զքաջութիւն և զհաշթութիւն` արար բազում ձեռամբ նորին։ Ընդ անօրինաց էր հակառակ, ի սուր մաշեր զթշնամին: Ինքն պարթև և զորավոր, քան զառաջինսն էր ահավոր: Մինչ վաթսուն և վեց ամաց եդեալ, ի յաշխարհէ վերափոխեալ։ Վախճանվեցավ թիվն ՌՄԼ (1781)»: