Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե, կաթողիկոսներից յուրաքանչյուրն ուներ իր կուսակցությունը, և այդ պատճառով կռիվների մեջ մասնակցում էին թե ժողովուրդը և թե ժողովրդի ներկայացուցիչները — մելիքները:

Չէ կարելի հերքել, որ կաթողիկոսների մեջ կային և օրինավոր մարդիկ, ինչպես Եսային և Ներսեսը, որոնք մելիքների հետ միացած, գործում էին հայրենիքի փրկության համար։ Բայց մի օրինավորի շինածը մյուս անպիտանները ոչնչացնում էին…

Այդ կտեսնենք հետո. հիմա շարունակենք մեր պատմությունը:

Երբ Իբրահիմ-խանին հաջորդեց Փանահ-խանին, միևնույն տարվա մեջ (1763) Գանձակում վախճանվեցավ Երիցմանկաց վանքի Ներսես կաթողիկոսը։ Դարձյալ միևնույն տարվա մեջ Ղարաբաղի մելիքները, գլխավորապես Ջրաբերդի իշխան Մելիք-Աթամը[1] օծել տվին Հովհաննեսին Գանձասարի վանքի կաթողիկոս։

Նույն միջոցում, երբ Հովհաննեսը Գանձասարի կաթողիկոս դարձավ, նրա հակառակ, Գանձակի հայերը, տեղային խանի օգնությամբ, օծել տվին Իսրայել եպիսկոպոսին կաթողիկոս Երիցմանկաց վանքի անունով (1763)։

Երկու կաթողիկոսների մեջ երկար հակառակություններ եղան: Մելիքները դիմեցին էջմիածին, որը ավելի խառնեց գործը։ Խռովությունները վերջացան նրանով, որ Հովհաննեսը ընդունվեցավ որպես Գանձասարի օրինավոր աթոռակալ, իսկ Իսրայելը մնաց Գանձակում որպես նրա հակաթոռ։ Նա համարձակություն չունեցավ մինչև անգամ Գանձակից գալ իր վանքը (Երիցմանկաց վանքը), որի անունով օծված էր և այդ վիրավորանքի համար միշտ մի հարմար առիթ էր որոնում վրեժխնդիր լինելու իր հակառակորդից` Հովհաննես կաթողիկոսից։ Մյգ առիթը գտավ նա, և իր վրեժխնդրությամբ ոչ միայն սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին, այլ սպանեց այն մեծ գործը, որ Ղարաբաղի մելիքները ստեղծել էին…

XVIII

1762 թվին ռուսաց գահը ժառանգեց Եկատերինա II կայսրուհին։ Նա սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանի և Վրաստանի վրա։ Հայոց հարցը կրկին զարթնեցավ։

  1. Հովհաննես կաթողիկոսը Մելիք֊Աթամի խնամություն ուներ, նրա քույր՝ Ղամար-սուլթանը Մելիք-Աթամի կինն էր։