Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10-ին, միևնույն գեներալ պորուչիկ Պոտյոմկինին, որ հայերին հուսադրե, որպեսզի նրանք գործակցեն ռուսաց կառավարության նպատակներին, որ դիտավորություն ունի կազմելու նրանցից մի զորեղ քրիստոնյա պետություն, Ռուսաստանի բարձրագույն հովանավորության ներքո։

Այդ գիտեին Ղարաբաղի մելիքները այդ բոլորը հայտնի էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, որը մելիքների խորհրդակիցն էր. այդ բոլորը հայտնի էր և էջմիածնի կաթողիկոսին, որ գաղտնի մասնակցում էր ընդհանուր գործին։ Ղարաբաղի մելիքները խոստանում էին մատակարարել ռուսաց զորքերի բոլոր պաշարն և այլ պիտույքները, երբ նրանք իրանց կողմը կգային, խոստանում էին իրանց ուժերով միանալ ռուսաց զորքերի հետ։ Պատերազմը նշանակված էր 1784 թվի ամառը. գեներալ պորուչիկ Պոտյոմկինը պատրաստված էր պարսիկների դեմ պատերազմ գնալու։ Այդ ժամանակ Ղարաբաղի մելիքների կողմից Ստեփան Դավթյան անունով, մի պատվիրակ գնաց գեն. պոր. Պոտլոմկինի մոտ, հայոց պատրաստությունների և Անդրկովկասի քաղաքական դրության մասին նրան մանրամասն տեղեկություններ հաղորդելու։ Այդ Ստեփան Դավթյանը իր արժանավոր ծառայության համար վարձատրվեցավ պրեմիեր մայորի աստիճանով։

XIX

Մինչ ռուսաց կողմից այսպիսի պատրաստություններ էին կատարվում, մինչ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս Հովսեփը, վառված հայրենասիրության հոգվով, անխոնջ կերպով աշխատում էր իրագործել իր սկսած գործի մեծ գաղափարը, այդ միջոցներում Ղարաբաղում կատարվեցան մի քանի աղետալի դեպքեր։

Մենք տեսանք, մինը մյուսից հետո վախճանվեցան Ղարաբաղի երկու նշանավոր իշխողները` Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք֊Աթամը, որոնք իրանց հայրենիքի ազատության համար ամենաեռանդոտ գործիչներ էին, որոնք ամբողջ քսան տարի պատերազմեցին Փանահ-խանի հետ և թույլ չտվեցին, որ նրա իշխանությունը տարածվի Ղարարաղի վրա.

Մելիք-Ցուսուբին հաջորդեց որդին Մելիք-Աբով III, իսկ Մելիք-Աթամին հաջորդեց որդին Մելիք-Մեջլումը։ Դրանք պահպանեցին նույն դաշնակցությունը, որ կապել էին իրանց հայրերը