Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակեցին նույն բանակցությունը, որ սկսել էին նրան ռուսանց կառավարության հետ, իրենց հայրենիքի ազատության վերաբերությամբ:

Դարձյալ տեսանք, որ Մելիք-Աթամի վախճանվելուց մի տարի հետո (1781) Տիզակի տիրապետող Մելիք-Ավանյան Մելիք-Եսային Իբրահիմ-խանի խաբեության զոհ դարձավ: Նրա հաջորդը, Մելիք-Բաղտամը, ամենայն հավատարմությամբ պահպանեց իր նախորդի դաշնակցությունը վերոհիշյալ երկու մելիքների հետ:

Նույնպես տեսանք, երբ Հասան-Ջալալյան Հոհաննեսը Գանձասարի վանքի կաթողիկոս ձեռնադրվեցավ (1763), նրա հակառակ նույն տարվա մեջ, Գանձակում Իսրայել անունով մեկը նույնպես Աղվանից կաթողիկոս ձեռնադիրվեցավ և մնաց տեղային Ջավադ-խանի պաշտպանության ներքո: Այդ հակաթոռ Իսրայել կաթողիկոսը կործանեց այն մեծ շենքը, որ Հոհաննեսը և Ղարաբաղի երեք մելիքները մեծ ջանքերով կառուցել էին…

Մինչև Ղարաբաղի մելիքները մի կողմից քաղաքական բանակցություններ էին վարում ռուսանց կառավարության հետ, իսկ մյուս կողմից, ներքին երկպառակտությունը ջլատում էր նրանց ուժերը, այդ միջոցներում Իբրահիմ-խանը քնած չէր, նա խիստ արթուն էր և գիտեր ամեն հանգամանքներից օգուտ քաղել.

Նա նկատում էր ռուսների պատրաստությունները. նրան աղոտ կերպով հայտնի էր, որ այդ պատրաստությունների և Ղարաբաղի մելիքների շարժումների մեջ կար մի գաղտնի կապ: Նրան հայտնի էր և այն, որ վրաց Հերակլ իշխանը ծածուկ բանակցություններ ունի մելիքների հետ: Նա գիտեր, որ այդ բոլորը իր իշխանության կործանմանը վտանգ է սպառնում: Նա սկսեց ամրացնել Շուշի բերդը, պատրաստվեց վտանգի առաջն առնելու:

Ռուսները խոստանում էին օգնություն հասցնել հայերին և վրացիներին, բայց ուշանում էին:

Իբրահիմ-խանը տեսնում էր, որ առանց ռուսների օգնության ևս, հայոց և վրաց միացյալ ուժերն կարող էին նրան միանգամայն ոչնչացնել, մտածեց Վրաստանին կողմնակի կերպով մի հարված տալ, իսկ հետո դառնալ տեպի հայերը:

Մենք XV գլխում հիշեցինք, որ Իբրահիմ-խանը, բացի Մելիք-Շահնազարի աղջիկը իրան կին առնելուց, ամուսնացավ Ավարիայի տիրապետող Օմար-խանի քրոջ հետ: Այդ խնամությունը մի ամուր դաշնակցական կապ դարձավ նրա և Օմար-խանի մեջ: Իբրահիմ-խանը մտածեց վրաց Հերակլ իշխանին զբաղեցնել իր