Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սամարկանտի մեջ ռուսանց բանակում հյուր եղող Սերդար֊Իշայի֊խանը ծնված է նույն հայ տիկնոջից։ Իսկ այժմ Քաբուլի մեջ մեծ նշանակություն է ստացել տեղային հայերից մի բժիշկ, մի հայ ևս էմիրի տան անգլիական լեզվի վարժապետ է, որը ուսում և կրթություն է ստացել Փեշավուրի միսիոնարների դպրոցում»:

Կարդալով վերոհիշյալ տեղեկությունները Արևելքի խորքում կորած ու սպառված հայոց մի գաղթականության մասին, ես ակամայից հիշում եմ մի խոսակցություն, որ շատ տարի առաջ ունեցա էջմիածնում մի բարձրաստիճան եկեղեցականի հետ:

-Սրբազան հայր, դուք ունե՞ք էջմիածնում աշխարհագրական որևիցե քարտեզ, որի վրա նշանակված լիներ, թե ո՞րտեղ են բնակվում հայերը։

—Մի այսպիսի քարտեզ,— պատասխանեց սրբազանը,— մինչև այսօր չէ հրատարակված, եթե ոչ, մենք ուրախությամբ կգնեինք։

— Այդ իրավ է, չէ հրատարակված, բայց բավական է գնել ամենահասարակ քարտեզներ և նրանց վրա կարմիր աստղանիշներով նշանակել, որտեղ որ հայեր կան։

Այդ շատ դժվար է, որովհետև մեզ հայտնի չէ, թե Հայաստանից դուրս այլևս ո՞ր երկրներ ում հայեր են գտնվում։

— Ընդհանուր հայոց հովվապետը պետք է գիտենա, թե իր հոտը որտեղ է գտնվում, որ նրա վրա խնամք տանելու դյուրություն ունենա։

— Մենք ըստ մեր կամաց հովվում ենք մեր հոտը, որ մեզ ավելի մոտ է, իսկ հեռավորների համար ինքը տերը հոդ կտանե։

— Բայց Հիսուս Քրիստոսը հովիվներին այսպես պատվիրեց. նա հրամայեց թողնել իննսունինը ոչխարները և գնալ մի հատ կորած ոչխարին որոնելու։ Զանազան խուլ և անծանոթ երկրներում գտնվում են հայեր, դրանք ազգային ամբողջությունից բաժանված, հայրենի երկրից հեռացած, այլ խոսքով, հոտի ընդհանրությունից անջատված ոչխարներ են, պետք է այդ կորածներին որոնել, պետք է դրանց համար մտածել։

— Մարդիկ չունենք,— եղավ սրբազանի պատասխանը, — հովիվներ չունենք, որ Հիսուս Քրիստոսի ասածի համեմատ` իրանց