Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեն պատերազմել մահմեդականների դեմ: Անցավ մի տարի ևս, խոստացած օգնությունը չհասավ։

1785 թ. ապրիլ ամսում մի մարդ մուրացկանի հագուստով, ձեռքին բռնած մի ծանր ճանապարհորդական մահակ, Գանձասարի վանքից ճանապարհ ընկավ դեպի Գանձակ։ Այդ մուրացկանին սաստիկ արագընթացության համար կոչում էին «յորղա» Գրիգոր։ Նույն ամսի նույն օրում մի այլ մարդ Շահ—Մանսուր գյուղից ուղևորվեցավ դեպի Շուշի բերդը։ Այդ վերջինը մուրացկան չէր, ազնվական էր։ Նա ուղիղ ներկայացավ Իբրահիմ—խանի մոտ, հայտնեց նրան, թե հայոց մելիքները, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի հետ միացած, մի նոր թուղթ դրեցին ռուսաց կայսրուհուն, և հրավիրում են ռուսներին, որ գան տիրեն քո երկրները,— մի խոսքով, դավաճանը մանրամասնաբար տեղեկություններ տվեց այն բոլոր պատրաստությունների և ռուսաց հետ ունեցած հարաբերությունների մասին, որ մինչև այնօր կատարել էին մելիքները և Հովհաննես կաթողիկոսը։

Թեև մելիքները իրանց պատրաստությունները սաստիկ զգուշությամբ էին կատարում, թեև նրանց մեջ պահպանվում էր խորին գաղտնապահություն, բայց այդ դավաճանը Հովհաննես կաթողիկոսի ընտանիքն էր, նրա հարազատ եղբայրն էր, նա ինքը մասնակցում էր խորհուրդների մեջ։ Դա Հասան—Ջալալյան Մելիք—բեկի որդի Ալլահ—Ղուլի—բեկն էր։ Մի եղբոր շինածը մյուս եղբայրը քանդում էր… Մեր պատմությունը բավական աղքատ է լավ մարդիկներով, իսկ հարուստ է դավաճաններով…

Իբրահիմ—խանին հայտնի էին ռուսաց պատրաստությունները. նա վաղուց արդեն սկսել էր ամրացնել Շուշի բերդը։ Նրան անորոշ կերպով հայտնի էին և հայոց գաղտնի հարաբերությունները ռուսների հետ, բայց այդ մասին նա մի հաստատ փաստ չուներ իր ձեռքում հայերին պատմելու համար։ Դավաճանը ցույց տվեց նրան փաստը: Նա հայտնեց, թե մի սուրհանդակ, մուրացկանի հագուստով, իր ձեռքի գավազանի մեջ թաքցրած, նոր թղթեր տարավ Գանձակ, իսկ այնտեղից պիտի գնա Թիֆլիս։ Այդ թղթերին, ավելացրեց նա, ստորագրել են իմ եղբայր Հովհաննես կաթողիկոսը, Գյուլիստանի Մելիք—Բեգլարյան Մելիք—Աբովը, Ջրաբերդի Մելիք—Իսրայելյան Մելիք—Մեջլումը, Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք֊Բախտամը և այլ նշանավոր եկեղեցական ու աշխարհական անձինք։

Վարանդայի Մելիք֊Շահնազարը, Խնզիրիստանի Մելիք-