Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիս եպիսկոպոսի ոտները փայտով ծեծել էր տալիս, որ նա ցույց տա ռուսաց կառավարությունից ստացած թղթերը։ Բայց թղթերը առաջուց կրակի մեջ ձգելով այրել էին։ Վերջը Գանձասարի վանքը ութն հազար թուման[1] տուգանքի ենթարկելով, Սարգիս եպիսկոպոսից ստացավ այդ գումարը, հետո նրան իր եղբայրների հետ արձակեց բանտից։

Բայց Մելի-Մեջլումը և Մելիք-Աբովը երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ նրանց կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին,— Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին։

Իսրայել կաթողիկոսը իր մատուցած ծառայություների համար ստացավ Իբրահիմ-խանից Աղվանից կաթողիկոսական աթոռը, այն աթոռը, որի գրավելու համար նա սպանել տվեց Հովհաննեսին։ Բայց նրան թույլ տվեցին նստել Ամարասա վանքում, որ ավելի մոտ լինի խանին և մնա նրա ձեռքի տակ։ Գանձասարի վանքում այդ ժամանակ նստած էր նահատակված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսը։

Եվ այսպես, Խամսայի հինգ տիրապետող մելիքներից մնաց երկուսը՝ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը և Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումը։ Մյուս երեքը համարյա թե ոչնչացան։ Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը աքսորվեցավ Պարսկաստան և որպես Արշակ Երկրորդը պահվում էր Անուշ բերդում, դա էլ նույնպես պահվում էր Արդավիլի բերդում։ Խաչենի Հասան-Ջալալյան մելիքները, որպես հետո կտեսնենք, Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, բոլորը ցրիվ եկան, տարագրվեցան։ Խաչենում տիրում էին Իբրահիմ-խանից կարգված մելիքները։ Մնում էր Վարանդայի իշխողը — Մելիք-Շահնազարը, բոլոր չարիքների հորինողը, Իբրահիմ-խանի սիրելին։

1787 թվին գեներալ Բուրնաշովը վրաց Հերակլ իշխանի հետ ռուսաց զորքերով մոտեցավ Գանձակին։ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Շուշի բերդից փախչելուց հետո անմիջապես գնացին Հերակլի և Բուրնաշովի մոտ։ Նրանք հույս ունեին, որ իրանց շատ անգամ հաղորդված խոստմունքների համեմատ, օգնական զորք կստանային, որ գնան Իբրահի-խանի հետ պատերազմեն և

  1. Մի ձեռագիր պատմության մեջ գրված է 56 հազար թուման։