Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ վրաց հպատակներ էին, բայց Բորչալուի կողմերից փախել եկել էին Ղարաբաղ, բնակվում էին Ասկարանի բերդի մերձակայքում:

Վրաց իշխանը ոչ այնքան իր հպատակները հետ ստանալու ցանկությամբ, որքան երկյուղ կրելով Իբրահիմ֊խանի վրեժխնդրությունից, մտածում է կատարել նրա հրամանը և իր մոտ ապաստանած հյուրերին վատությամբ կալանավորելով, ուղարկել դահճի մոտ:

Նրա խորհուրդը հայտնվում է հայոց մելիքներին։ Հերակլի քարտուղարը, որը կոչվում էր Միրզա-Գիորգին, և գիտեր պարսկերեն ու արաբերեն, ազգով հայ էր։ Նա Իբրահիմ֊խանի նամակը կարդալուց հետո, բովանդակությունը հայտնում է մելիքներին։

Որպես պատմում են, Հերակլը Թիֆլիսի Օրթա-Ճալա կոչված այգիներում ճաշ է պատրաստում, այնտեղ հրավիրում է երկու մելիքներին, որ արբեցնե, այնուհետև իր սեղանի վրա կալանավորե հյուրերին։ Մելիքներին արդեն հայտնի էր նրա դիտավորությունը, դեռ ճաշից առաջ ձի են նստում, պատճառելով, թե կամենում են մերձակայքում որսորդություն անել իշխանի սեղանի համար։ Նրանք այլևս չեն վերադառնում։ Երկու մելիքները ունեին իրանց մոտ հարյուր ձիավորներ միայն, թողնում են անհյուրընկալ Թիֆլիսը և ուղևորվում են դեպի Գանձակ։ ճանապարհին հանդիպում են նրանց վրացի սայլապաններ, որ գնում էին դեպի քաղաքը դրանց միջոցով Մելիք-Մեջլումը լուր է տալիս Հերակլին, ասելով, թե գնացեք հայտնեցեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը…

Եվ իրավ, Մելիք-Աթամի պատվասեր որդին չմոռացավ վրեժխնդիր լինել վրաց իշխանի խաբեության համար, նրա սարքած ճաշը մի քանի տարուց հետո Թիֆլիսի կործանման պատճառը դարձավ:

Վրաց իշխանի նենգավորությունը սաստիկ վիրավորեց Մելիք-Մեջլումի զգայուն սիրտը։ Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը այնքան մեծ համարում ուներ Հերակլի վրա, որ մինչև անգամ մտածում էր, եթե չհաջողվի իշխան Պոտյոմկինին հայ-վրաց միացյալ իշխանության աթոռի վրա բազմեցնել, նրանից հետո ի նկատի ուներ միայն Հերակլին։ Իսկ այդ երկչոտը, սարսափած էր Իբրահիմ-խանի նամակից, կամենում էր նրա ձեռքը մատնել Ղարաբաղի երկու նշանավոր մելիքներին, որոնց նույն