ձավ։ Գանձասարի վանքը մնաց ավերակ դրության մեջ, զուրկ հոգևոր միաբանությունից։
Միևնույն տարում (1791), երբ Հասան-Ջալալյան Սարգիս եպիսկոպոսը եկավ Գանձակ, իր երկու եղբայրներին՝ Դանիել-բեկին և Ջալալ-բեկին այնտեղից ուղարկեց Գանձասար, որ վանքի թաքցրած կայքերը դուրս հանեին և բերեին Գանձակ։ Այդ վանքի անբավ հարստությունը Իբրահիմ-խանը հափշտակելու ժամանակ՝ կարողացել էին մի մասը միայն թաքցնել, որովհետև Սարգիս եպիսկոպոսի փախուստը այն աստիճան շուտափույթ կատարվեցավ, որ նա ժամանակ չգտավ վանքի կայքերը իր հետ վեր առնելու։
Բայց նրա եղբայրներին նույնպես չհաջողվեցավ։ Դանիել-բեկը և Ջալալ-բեկը, թեև գաղտնի եկան Գանձասար, բայց իսկույն մատնվեցավ։ Իբրահիմ-խանի մարդիկը բռնեցին նրանց, Ջալալ-բեկի գլուխը կտրեցին, իսկ Դանիել-բեկին կենդանի տարան խանի մոտ։ Խանը հրամայեց բանտարկել նրան, ասելով. «Գնա այնտեղ մնա՛, թող ռուսները գան և ազատեն քեզ…»։ Այդ խոսքերով գոռոզ խանը կամեցավ ծաղրել հայերի այն հույսերը, որ դրած էին ռուսների վրա։ Մի քանի օրից հետո նրան բանտից դուրս բերելով, հրամայեց մաս-մաս կտրատել…
Նրա քույրը, տիկին Ղամար-սուլթանը (Մելիք-Մեջլումի մայրը) այդ ժամանակ պահված էր Շուշի բերդում իբրև պատանդ։ Նա հավաքեց եղբոր մարմնի կտրտանքը և թաղել տվեց տեղային գերեզմանատնում[1]։
Մենք վերևում հիշեցինք, որ Իբրահիմ-խանը դավաճան Իսրայել կաթողիկոսին մատուցած ծառայությունների համար, Մելիք-Շահնազարի խորհրդով, նրան տվեց Ամարաս վանքը և Ղարաբաղի հովիվ կարգեց։ Այդ ժամանակ Երիցմանկաց վանքում նստած էր փոքր Սիմոն անունոով մեկը կաթողիկոս։ Եվ այսպես, Ղարաբաղում երկու կաթողիկոսներ կային, Իբրահիմ-խանի հովանավորության ներքո։
- ↑ 1851 թվին Դանիել-Բեկի որդի Բաղդասար միտրոպոլիտը մի արձան կանգնեցնելով հոր շիրիմի վրա, փորագրել տվեց հետևյալ տողերը. «Յարձանիս շիրմի ամփոփեալ դնի՝ մարմին իշխանին Խաչէն գավառի, վեհ իշխանազնեայ Դանիել-բեկի, որդոյ Մէլիք-բէկ իշխանապետի, ի տանէ հայկազն մեծ Ջալալ-Դօլի, տեառն Արձախայ հայոց աշխարհի, որ Ղարաբաղայ կամ Շուշվոյ նահանգ՝ նա սովորաբար արդ վերաձայնի։ Առ սուրբ հավատոյ սա լուսահոգին՝ նահատակի աստ յամրոցիս Շուշի, դառն տանջանոք Իբրահիմ-խանի, որ թշնամի էր Խաչին Քրիստոսի։ Ի 1240 թվի հայոց (1791)»։