Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ տեսնելով Գանձակում գտնված հայոց մելիքները՝ Մեջլումը և Աբովը, Ջավադ-խանի հետ միաբանելով, Իբրահիմ-խանի հակառակ, Սարգիս եպիսկոպոսին Գանձակում կաթողիկոս օծել տվին (1794): Պատմում են, օծության խորհուրդը կատարելու ժամանակ եպիսկոպոսների թվից մեկը պակաս էր. այդ պակասը լրացնելու համար ինքը Ջավադ-խանը կանգնեց եպիսկոպոսկների շարքում, ասելով. «Օծեցեք, թող մեկն էլ ես լինեմ»:

Գանձակի հայերի այնտեղ գտնված մելիքների հետ դիմեցին Էջմիածին, խնդրելով, որ Սարգսին հաստատեն Աղվանից կաթողիկոսության մեջ[1]:Բայց Էջմիածին մերժեց նրանց խնդիրքը, պատճառ բերելով, թե Ղարաբաղում կան արդեն երկու կաթողիկոսներ՝ Իսրայելը և Սիմոնը, — թեև այդ երկու կաթողիկոսներն ավելի մահմեդականների հոգևորականներ էին, քան թե հայոց:

Եվ այսպես ծագեցան երկպառակություններ երեք միմյանց հակառակ կաթողիկոսների մեջ, որոնցից Սիմոնը նստում էր Երից-մանկաց վանքում, Իսրայելիը նստած էր Ամարասա վանքում, իսկ Սարգիսը՝ Գանձակում:

Այդ երկպառակությունները երկար զբաղեցին Ղարաբաղի և Գանձակի հայ հասարակություններին, մի այնպիսի ժամաակում, երբ Ղարաբաղի հայկակամ իշխանությունները Իբրահիմ-խանի ոտքերի տակ հետզհետե խորտակվում էին… և հայերը պետք է լուծեին մի մեծ ազգային խնդիր…

XXIV

Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Գանձակում գտնված ժամանակ, Իբրահիմ խանը իրան դեռևս այդ երկու մելիքների վտանգից ազատված չէր համարում, մանավանդ, երբ տեսնում էր, որ նրանք միացել են իր թշնամու, Ջավադ-խանի հետ: Նա նկատում էր, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղում թողած ժողովրդի մեջ ինչ-որ գաղտնի շարժում կա: Այդ ժողովուրդը չէր կարող մոռանալ իր սիրելի մելիքներին և հպատակել այնպիսի հայ դավաճանների, որոնք մահմեդական խանից կարգված և մահմեդականի հլու էին: Մենք տեսանք, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղի հեռանալուց հետո, նրանց հպատակներին, Իբրահիմ-խանի օգնությամբ, սկսեցին տիրել նոր

  1. Պետք չէ մոռանալ, որ ոչ միայն Ղարաբաղը Աղվանից կաթողիկոսության թեմ էր համարվում, այլև Գանձակի գավառը, Շամախու, Նուխու Դերբենդի և ուրիշ մի քանի գավառները: