Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի հայերի մի մասը խմբվելով Գանձակի գավառում, իրանց վաղեմի մելիքների իշխանության ներքո, սկսեցին այդտեղից արշավանքներ գործել Իբրահիմ-խանի վրա։ Նրանց երբեմն օգնում էին և Գանձակի գավառի հայ մելիքները Ջավադ-խանի դրդելով։ Այդ արշավանքները տևեցին մի քանի տարի։ Արշավանքները ոչ այնքան տիրապետական նպատակներով էին կատարվում, որքան ասպատակության և ավարառության նպատակներով։ Ամեն մի հարձակում վերջանում էր կոտորածով, հրդեհով, ավերածով և գերեվարությամբ։ Ղարաբաղի թուրքերը սկսեցին այդ ժամանակ հայի ձևով հագնվել, որ չճանաչվեն։ Ամեն մի թուրք, որ հայերի ձեռքն էր ընկնում, անխնա կերպով սպանվում էր։ Արշվանքներին առաջնորդում էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի-Արզումանը և շուշեցի զարգար Մելքումը։ Նրանք այն աստիճան նեղի մեջ դրին Իբրահիմ-խանին, որ բոլորովին կտրեցին Թարթար գետի անցքը և ոչ մի մահմեդական չէր համարձակվում դեպի Գանձակի կողմերը անցկենալ։

Իբրահիմ-խանը հարկադրվեցավ մի քանի անգամ դիմել Ջավադ-խանի, խնդրելով նրա միջնորդությունը, որ իրեն հաշտեցնեն Մելիք-Աբովի հետ, որ նրանք դադարեցնեն իրենց թշնամական գործողությունները, և վերադառնալով իրեց հայրենիքը, վայելեն իրենց վաղեմի իրավունքները տիրելով իրենց երկրներին։ Բայց մելիքները չէին հավատում խաբեբայի խոստմունքներին, առաջարկում էին, թե իրենց հաշտությունը կկայանա այն ժամանակ միայն, երբ Շուշի բերդը կքանդվի և Իբրահիմ-խանը դուրս գալով այդ որջից, կհեռանա Ղարաբաղից, հիմնելով իր համար նոր բնակություն Ջուանշիրի անապատներում, ուր ապրում էին նրա նախնիքը։ Այդ առաջարկությունը խիստ ծանր էր. զրկվել Շուշի բերդի ամրությունից, նշանակում էր զրկվել ամեն բանից։ Պետք է ասած, որ Ջավադ-խանը նույնպես համակրում էր այն մտքին, որ Շուշի բերդը դատարկված և քանդված լինի։ Նրան անտանելի էր տեսնել իր հարևանության վրա մի նորաբուսիկ խանություն, ամրացած Շուշիի անմատչելի բարձրության վրա։ Նա անդադար կրկնում էր այդ խոսքը. «Նզովյալ լինի Մելիք-Շահնազարը, որ կյանք տվեց սառած օձին, իր կուրծքի վրա ջերմացնելով նրան։ Եթե չլիներ Շուշի բերդը, չէր լինի և ջուանշիրցիների խանությունը…»։

Եվ իրավ, այդ բերդը հիմնեց Մելիք-Շահնազարը և տվեց