Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տովանվեցա, պատասխանում է մոլլան։— Իսկ եթե դուք, վեհափառ խան, Արզումանի ձեռքը ընկնեիք, կասեիք, ոչ թե միայն Քրիստոսը աստված է, այլ և դու ինքդ, Արզուման աստվածների աստվածն ես…»։


XXV

Մի քանի տարի Գանձակի գավառում մնալուց հետո, Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի մեջ տիրող միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել։ Մելիք-Մեջլումը մի տղամարդ էր խոհեմ, զգաստ և սուր դատողությունով։ Իսկ Մելիք-Աբովը, թեև պատերազմների մեջ քաջ, աներկյուղ և անպարտելի էր, բայց բնավորությամբ սաստիկ դյուրագրգիռ և անհեռատես էր։ Ջավադ-խանը ավելի հարգում էր Մելիք-Մեջլումին. այդ գրգռեց Մելիք-Աբովի նախանձը։

Նրանց հակառակությունը ավելի սաստկացավ այն պատճառով, որ Մելիք-Աբովը ցանկանում էր իր ժողովրդով թողնել Գանձակի գավառը և գաղթել Վրաստան և Բոլնիսում նոր գաղթաշենք հիմնել։ Բայց Մելիք-Մեջլումը չէր համաձայնում այդ մտքի հետ։ Նա այժմ բոլորովին ցանկություն չուներ թողնել հայրենիքը և ապաստան գտնել մի նոր գաղթականության մեջ։ Նրանք առանց դրան ևս իրանց հայրենիքից դուրս էին ապրում։ Բայց Գանձակի գավառը, Մելիք-Մեջլումի մտածելով, ավելի մոտ էր Ղարաբաղին, այստեղից ավելի հեշտ կլիներ պատեհ ժամանակում կրկին անցնել Ղարաբաղ։ Բայց Վրաստան գնալ և վրաց իշխանի գործ դրած նենգավորություններից հետո վրացիների հետ դարձյալ գործ ունենալ,— նա ամենևին չէր կամենում։

Ջավադ-խանի բոլոր ջանքերը իզուր անցան երկու մելիքներին հաշտեցնելու համար։ Մի անգամ ամենաչնչին առիթով Մելիք-Աբովը կռվեց Մելիք-Մեջլումի հետ։ Երկուսն էլ Ջավադ-խանի մոտ ճաշի էին հրավիրված. օրը պաս էր. Մելիք-Մելջումը անխտիր ուտում էր բոլոր կերակուրներից, իսկ Մելիք-Աբովը հրաժարվում էր ասելով, թե ինքը մեղք է համարում, պասը լուծել։ Այդ առիթ տվեց վիճաբանության և Մելիք-Աբովը սկսեց սաստիկ նախատել Մելիք-Մեջլումին, թե նա մեղանչում է հայոց կրոնի դեմ և այլն։ Այդ օրից նա թողեց Գանձակը և իր ժողովուրդը վեր առնելով գնաց Բոլնիս։

Բոլնիսում ևս Մելիք-Աբովը հակառակություն ունեցավ վրաց