Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք գիտենք Փանահ-խանի ծագումը, մենք գիտենք և այն, որ Պարսկաստանը կառավարող զենդ-Քերիմ-խանը (որը թագավոր չէր, այլ Պարսկաստանի մի մասը բռնությամբ տիրացած մի աննշան լոռեցի[1]։ Փանահ֊խանին սպանել տալուց հետո, նրա որդի Իբրահիմին խանության աստիճան շնորհեց և կարգեց Շուշի բերդի կառավարիչ։ Ուրեմն Իբրահիմ-խանը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ Պարսկաստանից կարգված, պարսից մի հասարակ խան, որը Պարսկաստանի նույն ժամանակվա երկպառկությունների և անիշխանության պատճառով, կարողացավ երկար ժամանակ իր տեղում մնալ,— կարողացավ հայոց անմիաբան մելիքների հաշվով նրանց գլխին նստել։ Բայց իսկապես նա երկրի տերը կամ իշխանը չէր. նա մի ժամանակավոր կառավարիչ էր, որի նմաններին պարսից կառավարությունը անդադար փոփոխում էր։ Նա ինքը պարսից հարկատու էր. իր պաշտոնի մեջ մնալու համար ամեն տարի ահագին փիշքեշներ և ընծաներ էր ուղարկում Պարսկաստան։

Մելիքների անմիաբանության շնորհիվ նա կարողացավ և կարողանում էր իր դիրքը պահպանել։ Եթե մելիքներից մի քանիսը նրան թշնամի էին, ընդհակառակն, մի քանիսն էլ բարեկամներ էին, և այսպիսով, նրա կացության հավասարակշռությունը պահպանվում էր։

Իրրահիմ-խանը դեռ չէր դիպել հայոց մելիքների ուղղակի և զգալի շահերին։ Թեև նրա հայրը և ինքը, օրինակ, Խաչենում և Ջրաբերդում երկու նոր մելիքություններ վերականգնեցին, բայց այդ կատարեցին նրանք որպես օգնողներ և ոչ որպես կարգողներ կամ հիմնողներ։ Եվ այդ պատճառով խաների հարաբերությունները դեպի այդ մելիքները ավելի դաշնակցական էին, քան թե իշխողի և ստորադրյալի հարաբերության բնավորությունն ունեին։

Բայց Մելիք-Շահնազարի մահից հետո Իրրահիմ-խանը հետ քաշեց դիմակը և օգուտ քաղելով հանգուցյալի դեպի ինքն ունեցած հավատարմությունից, որով իրան հոգաբարձու էր կարգել իր ժառանգների վրա,— նա բացարձակ իրավունք համարեց հաջորդ նշանակելու մելիքի որդիներից նրան, որ բոլորից անընդունակն էր, բայց որը իր կնոջ եղբայրը լինելով, ավելի հավատարմությամբ կծառայեր իրան։ Այդ էր պատճառը, որ վրդովեցրեց ժառանգներին, որովհետև խանի միջամտությունը միանգամայն

  1. Դա մեր Լոռին չէ, հարավային Պարսկաստանում մի գավառ նույնպես կոչվում է Լոռի կամ Լոռիստան։