Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեթանոսներին քարոզիր, դու իրավունք չունես հայերի մեջ մրտնելու, հայերը առանց քեզ էլ քրիստոնյա են, նրանք քրիստոնեություն ընդունեցին այն ժամանակ, երբ ձեր հայրերը Անզլիայում վայրենիներ կռապաշաներ էին: — Մենք այդ պատասխանը կտանք միսիոնարին, բայց անտեր և անհովիվ մնացած հայ ժողովուրդը դարձյալ նրան կընդունե իր մեջ և մեր խոսքը կմնա (ձայն բարբառոյ յանապատի…»:

Հայ ժողովուրդը սիրում է իր եկեղեցին, նա հավատարիմ էր մնացել հայրենի ավանդություններին, նա երկար սպասեց իր հովիվներին, երբ տեսավ, որ նրանք իր վրա ուշադրության չեն դարձնում, որ նրանք իր հոգևոր պահանջներին բավականություն չեն տալիս,— ստիպված եղավ ընդունել օտարներին։ Իսկ մենք, հայ ինտելիգենցիայի ներկայացուցիչներս, վրդովվում ենք այդ երևույթները տեսնելով։ Եվ եթե գտնվում է մեզանից մեկը, որ ավելի հեռատես է, որ ավելի սուր հայացքով քննում է կատարվող իրողությունները,— որ աշխատում է կրոնապես բաժանված հայերին միացնել ազգային ամբողջության հետ, ասելով, թե հայ կաթոլիկն էլ, հայ բողոքականն էլ, հայ մահմեդականն էլ մեր եղբայրներն են,— մենք աշխատում ենք մի հրեական մոլեռանդությամբ նրա ճակատը դրոշմել ուրացության կնիքով, ասելով, դու մեղանչում ես եկեղեցու անմատչելության դեմ, մենք ազգություն չունենք, մեր ազգությունը եկեղեցին է։

Ո՞վ է ասում լուսավորչականին. գնա կաթոլիկ դարձիր, գնա բողոքական դարձիր, գնա մահմեդական դարձիր։ Ո՞վ է քանդում լուսավորչական եկեղեցին։— Նա ինքն իրան մաշվում է, ժամանակն է մաշում նրան։ — Ոչ մի հին շենք չէ կարող դիմանաք ժամանակների խստություններին, մանավանդ, երբ պահպանողներ և վերանորոգողներ չունի։

Մեր եկեղեցին քանդվում է եկեղեցականների անհոգությունից. Դերսիմի բազմաթիվ հայերը երկար ժամանակ անհովիվ մնալով, հետզհետե քուրդ դարձան։ Ո՞վ էր մեղավոր։ Իսկ Դերսիմը ոչ Հնդկաստանումն է գտնվում, ոչ Աֆրիկայում և ոչ էլ Ավղանիստանում։ Դերսիմը շատ հեռու չէ Ախթամարաե Սսի կաթողիկոսարաններից, Երուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքարաններից: Այժմ Դերսիմի մեջ բողոքականները մտնելով, սկսել են քրդացած հայերին Մեսրոպի տառերով Ավետարան կարդացնել, սկսել են մոռացված մայրենի լեզուն սովորացնել նրանց.