Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակառակում էր նրանց ավանդական սովորություններին հաջորդության կարգերի վերաբերությամբ։

Բայց Իբրահիմ-խանը ավելի հեռու գնաց։ Նա դիպավ ժողովրրդի և մելիքների ամենազգալի շահերին, նա սկսեց միջամտություն գործել երկրի հողային խնդիրների մեջ, որոնք մինչև այնօր թողված էին անձեռնմխելի և կառավարվում էին միմիայն հայոց վաղեմի սովորություններով, որոնք օրենքի ձև էին ստացել։ Մեր պատմության նպատակից դուրս է մանրամասնաբար բացատրել, թե ի՞նչ դրության մեջ էր հողային հարցը Ղարաբաղում, կամ ի՞նչ պարտավորություններ ունեին գյուղացիները մելիքների վերաբերությամբ ընդհանրապես, իսկ խանի վերաբերությամբ մասնավորապես։ Միայն այսքանը կասենք, այն աղետալի անցքերը, որ նկարագրեցինք մեր XXIV գլխում, միջոց տվին Իբրահիմ-խանի կամայականությանը բացարձակ կերպով հողային բաշխումներ և կարգադրություններ անելու,— մի իրավունք, որից առաջ զուրկ էր։ Մենք տեսանք, որ Ջրաբերդի Մելիք-Մեջլումը և Գյուլիստանի Մելիք-Աբովը, իրանց ժողովրդի մի մասը առնելով, գաղթեցին Գանձակի գավառը։ Նրանց գյուղերը, նրանց հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ ժամանակ խանը սկսեց նրանց հողերը բաժանել ում որ կամեցավ, նրանց տեղերում բնակեցրեց նոր գաղթականներ[1]։ Եվ այսպիսով, հանգամանքների շնորհիվ նա իրավունք գտավ հայոց հողերի վրա, որը մինչև այնօր չուներ[2]։

Այդ կամայականությունը վրդովեցրեց մինչև անգամ խանին անձնատուր եղած մելիքներին, առավել այն ժամանակ, երբ տեսան, որ խանը հայոց հողերի վրա բնակեցրեց և թուրք գաղթականներ, որպես էին գոլանիներր, մի վայրենի և ավազակ ցեղ, որ թափառում էր Ջուանշիրի անապատներում։ Բոլորովին հայաբնակ Ղարաբաղում մտան թուրք բնակիչներ, որոնք առաջ չկային։ Խանի այդ վարմունքը հուզեց ընդհանուր դժգոհություն թե Ղարաբաղի հայ ժողովրդի և թե խանի բարեկամ մելիքների մեջ։

Բայց այդ մելիքները դեռևս ոչինչ չէին ցույց տալիս իրանց անբավականությունը, միայն իրանց սրտերում սնուցանում էին մի խուլ բողոք և սպասում էին հարմար ժամանակի:

  1. Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրե այսպիսի վերնագիր, «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»
  2. Խանի այդ բախումները այնքան անհիմն և անհաստատ էին, որ երբ հայոց գաղթականների մի մասը վերադարձավ, կրկին տեր դարձան իրանք հողերին, և արտաքսեցին խանի նոր բնակեցրած գյուղացիներին։