Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, նա միայն վրդովվում էր, երբ նույնը տեսնում էր կատարված իր ժամանակում, իր աչքերի առջև։

Նրա հայրը անմատչելի Ղարաբաղի մեջ մտցրեց մի օտար ցեց, որը ուտելով, մաշելով խախտեց տեղային բոլոր հայկական իշխանությունների հիմքը և վերջապես կործանեց այն հաստատուն շենքը, որ դարերով կառուցված էր։ Այդ ավերմունքին գլխավորապես նպաստեցին իրանց՝ հայերի գործակցությունները: Մելիք—Ջումդուշը մտածում էր վերականգնել խորտակված շենքը։ Նա գիտեր, որ կործանման պատճառը եղավ նույնիսկ հայ մելիքների երկպառակությունը. ուրեմն շինությունը կարող էր հաջողվել դարձյալ նույն մելիքների միաբանությամբ։ Նա աշխատում էր կրկին նորոգել միաբանության խզված կապերը մելիքների մեջ։ Բայց որտե՞ղ էին մելիքները։

Մեկը, Տիզակի Մելիք—Բախտամը, շղթաների մեջ պահված էր Արդավիլի բերդում, երկուսը, Գյուլիստանի Մելիք—Աբովը և Ջրաբերդի Մելիք—Մեջլումը, գտնվում էին հայրենիքից դուրս, պանդխտության և գաղթականության մեջ ապահովություն էին որոնում։ Երկրի նշանավոր և հիմնական ուժերը ցրիվ էին եկած օտար աշխարհներում։ Իսկ հայրենիքի մեջ մնում էին դավաճանները — խանին անձնատուր եղած մելիքները։ Մելիք—Ջումշուդը մտածում էր այդ վերջիններին իր կողմը ձգել և նրանց բարեկամական հարաբերությունները անջատել խանից։ Մի դեպք նպաստեց նրա ցանկությանը: Այդ դեպքը թեև ընտանեկան էր, բայց քաղաքական կերպարանք ստացավ։

Իբրահիմ—խանը սաստիկ անբարոյական մարդ էր. նրա հարեմը լի էր հայոց աղջիկներով. և ամեն տեղ, եթե գտնվում էր մի գեղեցիկ հայ աղջիկ, հազիվ թե կարող էր ազատ մնալ նրա կրքերից։ Մենք գիտենք, որ նրա հավատարիմ մելիքներից մեկը, Ռուստամը, ամուսնացած էր կսապատցի Ապրես—աղայի դստեր՝ Վարդ—խաթունի հետ։ Երբ Վարդ—խաթունը դեռ օրիորդ էր, Իբրահիմ—խանը ցանկացավ նրան իր կին ունենար: Օրիորդի հայրը աղջկան մահմեդական հարեմից ազատելու համար տվեց Մելիք—Ռուստամին, թեև աղջիկը դեռ փոքրիկ էր և կին լինելու հասակին չէր հասած։ Բայց դրանով Իբրահիմ—խանը չհանգստացավ. նա շատ բաներ էր լսած Վարդ—խաթունի գեղեցկության մասին, ցանկանում էր նրան իր մոտ ունենալ։

Մենք տեսանք, երբ Մելիք—Մեջլումը և Մելիք—Աբովը հեռացան Ղարաբաղից, Իբրահիմ—խանը նրանց ընտանիքներից մի