Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի հոգի բերեց Շուշի բերդը, պահեց այնտեղ իբրև պատանդ։ Այդ ժամանակ պահանջեց նա Մելիք—Ռուստամից պատանդի անունով նրա կնոջը՝ Վարդ—խաթունին։ Մելիք—Ռուստամը անճարացած տվեց, թեև նրան լավ հայտնի էր, որ խանը ավելի իր համար սիրուհի է տանում, քան թե պատանդ, որովհետև իր հավատարմության վրա կասկածելու առիթ չուներ նա։

Մենք գիտենք և այն, որ Մելիք—Ռուստամը Խամսայի մելիքներից չէր, այլ Մելիք—Իսրայելյան Մելիք—Մեջլումի կյանքի դեմ դավադրություն սարքելու համար, որպես վարձատրություն ստացավ խանից Ջրաբերդի իշխանությունը։ Իսկ այժմ հիշյալ ընտանեական անպատվությունն այն աստիճան վիրավորեց նրան, որ նա թողեց Իբրահիմ—խանի ծառայությունը և իր մնացած ընտանիքով՝ գնաց Շամախի Մուստաֆա—խանի մոտ, որը այդ ժամանակ թշնամական հարաբերության մեջ էր Իբրահիմ—խանի հետ։

Մուստաֆա—խանը սիրով ընդունեց Մելիք—Ռուստամին և Դաշբուլաղ անունով գյուղը ընծայեց նրա բնակության համար: Այնտեղից Մելիք—Ռուստամը սկսեց հարձակումներ գործել Շուշի բերդի վրա և շատ վնասներ տալ Իբրահիմ—խանին։

Թեև մի առանձին մեծ նշանակություն չունեին նրա հարձակումները, որովհետև Իբրահիմ—խանին ոչնչացնելու համար հարկավոր էր, որ հայոց բոլոր մելիքները հավաքական ուժերով պատերազմեին։ Բայց այդ էլ բավական էր, որ խանի հավատարիմ մելիքներից մեկը, ոչ միայն անջատվեցավ նրանից, այլև թշնամացավ նրա հետ։

Խանին բարեկամ մնացին միայն երկու մելիքներ՝ Խնզիրիստանի Մելիք—Միրզախանյան Մելիք—Ալլահվերդին և Վարանդայի Մելիք—Շահնազարյան Մելիք—Հուսեին III, որը Իբրահիմ—խանի կնոջ (Հուրի—զատ խանում) հարազատ եղբայրն էր, և քրոջ ազդեցությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Այդ անցքը, որպես վերևում ցույց տվեցինք, սաստիկ գրգռեց Մելիք—Շահնազարյան Մելիք—Ջումշուդի թշնամությունը, և նա սկսեց այնուհետև մտածել Իբրահիմ—խանի կործանման վրա, միայն սպասում էր մի հարմար ժամանակի։ Նա սկսեց գաղտնի թղթակցել Մելիք—Մեջլումի, Մելիք—Աբովի և Մելիք—Ռուստամի հետ, որոնք խանից հալածված նույնպես թշնամի էին խանին։

Ղարաբաղի մելիքներից շատերը բազմակնության սովորություն ունեին. Մելիք—Ռուստամը ուներ երկու կին, մեկը վերև հիշած Վարդ—Խաթունը, մյուսը՝ Մարիամ անունով մի կին: