Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավերքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ազնվականները զբաղված էին իրանց քեֆերով։ Նրան օգնության հասավ միայն Իմերեթիայի Սոլոմոն իշխանը մի քանի հազար հոգով։

Բայց պետք է ասած, որ Հերակլի երկչոտությունը սաստիկ վհատեցրեց նրա զորքերին։ Նա իր ընտանիքը Թիֆլիսից տեղափոխեց Վրասատանի խորքերում։ Այդ տեսնելով, նրա զորապետները և զորքերը նույնը խնդրեցին, որ իրանց ընտանիքները հեռացնեն, հետո կգան պատերազմելու։ Բայց գնացողը այլևս հետ չդարձավ։ Եվ այսպես, դեռ թշնամուն չհանդիպած, զորքերի մեծ մասը ցրիվ եկավ։

Իր մոտ մնացած զորքերով Հերակլը դուրս եկավ Թիֆլիսից և Ղազախի Ինջա կոչված գետի մոտ բանակ դնելով, սպասում էր թշնամոուն։ Բայց երբ լսեց, որ Աղա-Մամադ-խանը արդեն անցավ Գանձակից, նա թողեց իր դիրքը և վերադառնալով կրկին մտավ քաղաքը։

Նա սկսեց կարելվույն չափ ամրացնել քաղաքը։ Այստեղ նրան օգնության եկած իմերելները քաղցածությունից սկսեցին, նախքան թշնամու ավարառությունը, իրանք կողոպտել քաղաքացիներին։

1795 թ. սեպտեմբեր ամսի 12-ին Աղա-Մամադ-խանը հասավ Սողանլու գյուղի մոտ, և գիշերը այնտեղ բանակ դնելով, վաղ առավոտյան հարձակվեցավ Թիֆլիսի վրա։ Հերակլը դուրս եկավ նրա առաջ, բայց մի փոքրիկ ճակատամարտից հետո վրացիները ջարդվեցան և փախչելով մտան քաղաքը։

Այդ միջոցին պարսից զորքերի մի մասը Մելիք-Մեջլումի առաջնորդությամբ Սոլոլակի կողմից, իսկ մյուս մասը իրա՝ Աղա-Մամադ-խանի առաջնորդութամբ բաղանիքների կողմից, նույնպես մտան քաղաքը։ Հերակլը Հավլաբարի կամուրջով մի ջորեպանի հետ փախավ դեպի Կախեթիայի կողմերը, թաքնվեցավ լեռների մեջ։ Իսկ նրա ավելի ևս երկչոտ զորքերը ցիրուցան եղան։

Անպաշտպան քաղաքը մնաց գազանաբարո պարսիկների ձեռքում։ Ամբողջ ութն օր շարունակվում էր կոտորածը և ավարառությունը։ Աղա-Մամադ-խանը, 12 հազար գերիներ իր հետ առնելով, հեռացավ ավերակ քաղաքից։ Մելիք-Մեջլումը առեց իր վրեժը Հերակլը իշխանից, բայց նրա անգթությունը ոչինչով արդարացնել չէր կարելի։ Մինչև այսօր Հավլաբարի հին կանանց բերանում կարդացվում է մի այսպիսի անեծք։