Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XXXI

Աղա ֊Մամաղ֊ խանի հեռանալուց հետո, Հերակլ իր դժբախտությունը հայտնելով Եկատերինա կայսրուհուն, սկսեց նրանից օգնություն խնդրել։ Բոլորը սարսափով սպասում էին, որ այդ գազանը կրկին պիտի վերադա ԱղաՄամանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանալի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։

Իրանց համարումը վերականգնելու համար ռուսները ստիպված էին սկսել մի նոր արշավանք պարսիկների դեմ։ 1796, 19 փետրվարի դրված հրովարտակով հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե։ Նույն հրովարտակի մեջ, ի թիվս այլոց, հիշված էր, որ Ռուսաստանը զենք է բարձրացնում հանուն ճնշյալ ազգերի ազատության։

Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը, որպես երևում է նրա` Հերակլ իշխանին գրած մխիթարական նամակներից, սաստիկ հուսահատված և վշտացած էր Աղա-Մամադ-խանի բարբարոսություններից և Թիֆլիսի ավերակ դառնալուց։ Բայց ռուսաց զորքերի նոր արշավանքը պարսիկների դեմ նրան կրկին սիրտ և հոգի տվեց, կրկին կենդանացրեց նրա հույսերը հայրենիքի ազատության մասին։

Հովսեփ արքեպիսկոպոսը հրավիրվեցավ ռուսաց կառավարությունից, որ անձամբ մասնակցե արշավանքին։ Ծերացած, ուժից ընկած արքեպիսկոպոսը պատրաստ էր ամեն զոհողություններ, ամեն տեսակ նեղություններ հանձն առնել, միայն թե ռուսաց սուրը հաջողություն գտներ,— ա՛յն սուրը, որ պիտի պատերազմեր Անդրկովկասի քրիստոնյաների ազատության և նրանց մի խաղաղ կյանք տալու համար։