1796 մարտ ամսում, Ղզլարում արքեպիսկոպոսը տեսնվեցավ Զուբովի հետ արշավանքի մասին խորհրդակցելու և զանազան նախապատրաստություններ կարգադրելու համար։ Այդտեղից արքեպիսկոպոսը գաղտնի նամակներ գրեց հայոց մելիքներին, ավետում էր նրանց ռուսանց զորքերի գալուստը, հորդորում էր պատրաստվել, թե զորքերով և թե պաշարներով ռուսներին օգնելու համար։ Բացի արքեպիսկոպոսի մասնավոր նամակներից, լույս ընծայվեցավ կայսրուհու հրովարտակի բովանդակության մտքով մի շրջաբերական հրավերք, որը ուղղված էր Անդրկովկասի և Պարսկաստանի բնակիչներին։ Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպել տվեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։
Նույն տարվա գարունքին ռուսանց զորքը Ղզլարից ճանապարհ ընկավ։
Զուբովը մոտեցավ Դերբենդին (մայիս ամսում), տեղային Ֆաթալի-խանի որդի Շըխալի-խանը ընդդիմացավ նրան, պատրաստվում էր պատերազմելու։ Բայց Դերբենդի հայ բնակիչները քաղաքը մատնեցին Զուբովի ձեռքը, բացի դրանից, բռնեցին Շըխալի-խանին նույնպես մատնեցին Զուբովի ձեռքը։ Ռուսները համարյա առանց պատերազմի, հայերի աջակցությամբ, տիրեցին Դերբենդին։
Զուբովը Դերբենդից անցավ Ղուբա, իր հետ տանելով Շըխալի-խանին։ Ղուբան նույնպես առանց արյունի գրավվեցավ։ Այստեղ մի օր ձիարշավի հանդես կատարելու ժամանակ, որի հանդիսատես էր ինքը Զուբովը, Շըխալի-խանը, մտրակելով իր նժույգին ասպարեզից դուրս եկավ, փախավ դեպի Պարսկաստան. ոչ ոք չկարողացավ բռնել նրան։ Բայց Բաքվի մեջ նրան կալանմավորեցին, երբ այդ քաղաքը առանց պատերազմի անձնատուր եղավ ռուսներին։
Նույն թվի հուլիս ամսում Զուբովը մոտեցավ Շամախի քաղաքին։ Տեղային Մուստաֆա-խանը պատրաստվել էր պատերազմելու։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը առաջուց անձամբ գնաց նրա մոտ, աշխատեց համոզելու, որ ընդդիմությունն ապարդյուն կլիներ, ավելի լավ էր առանց այրունահեղության ընդունել ռուսաց հպատակությունը։ Մուստաֆ-խսանը համաձայնեցավ ընդունել արքեպիսկոպոսի առաջարկությունը, բայց երբ նրանից մի հուսալի պատանդ պահանջեցին նա դրժեց իր խոստմունքին և դիմեց Շուշի բերդի Իբրահիմ-խանին, որ միանա նրա հետ, և