Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկուսը միասին պատերազմեն ռուսաց դեմ։ Այդ ժամանակ (օգոստոս ամսում) արքեպիսկոպոսը կրկին ուղարկվեցավ Մուստաֆա—խանի մոտ, և տեսնվեցավ նրա հետ սուրբ Ստեփաննոսի վանքում։ Այս անգամին արքեպիսկոպոսին կատարելապես հաջողվեցավ կատարել իր միջնորդության խորհուրդը, և Շամախին նրա աշխատությամբ առանց արյունահեղության անցավ ռուսների ձեռքը։

Վերոհիշյալ քաղաքները դյուրությամբ գրավելուց հետո, ձմեռն անվտանգ անցկացնելու համար, Զուբովը անցավ Մուզանի անապատը և ձմեռեց Սալիանում։

Հետևյալ տարվա գարունքին Զուբովը դիմեց դեպի Գանձակ։

Մելիք—Աբովը այդ ժամանակ գտնվում էր Գանձակում, տեղային Ջավադ—խանի մոտ։ Մինչև ռուսաց զորքերի հասնելը, Մելիք—Աբովը Հովսեփ արքեպիսկոպոսի խորհրդով կարողացավ համոզել Ջավադ—խանին, որ առանց պատերազմի անձնատուր լինի ռուսներին։ Ջավադ—խանը պատրաստեց իր սեփական պալատը և հարգանքով ընդունեց թե կոմս Զուբովին և թե Հովսեփ արքեպիսկոպոսին իր քաղաքում։

Այդ ժամանակ Ջավադ—խանը ընծայեց նորին սրբազանությանը Կենաց փայտի մի մասը, որ Հաղբատա վանքից բերված էր Թիֆլիս և այդ քաղաքի ավարառության ժամանակ ընկել էր պարսից զինվորների ձեռքը, որոնցից դնել էր խանը։

Այդ միջոցներում Շուշի բերդի Իբրահիմ—խանը տեսնելով, որ հայերը միասիրտ և միահոգի կերպով միացած են ռուսների հետ,— տեսնելով, որ մյուս գավառների մահմեդական խաները հնազանդվեցան, ինքն ևս անճար մնալով, իր որդի Աբդուլ—Ֆաթիհ—խանին ուղարկեց կոմս Զուբովի մոտ և հայտնեց իր հպատակությունը։

Կոմսը սիրով ընդունեց նրա որդուն և հարգանքով ճանապարհ դրեց, ուղարկելով նրա ձեռքով ընծաներ Իբրահիմ—խանին, այլև մի թանկագին գավազան Շուշի բերդի մահմեդական հոգևորականների գլխավոր մոլլա Փանահին։

Կոմսի բարեկամական ցույցերը դեպի Շուշի բերդի բռնակալը բավական խախտեցին Ղարաբաղի հայոց մելիքների հավատը դեպի ռուսները։ Նրանք բոլորովին ուրիշ բան էին սպասում. նրանք հույս ունեին, որ Իբրահիմ—խանի իշխանությունը կոչնչացնեն և Ղարաբաղում կրկին կհաստատեն մելիքների վաղեմի իշխանությունը։ Դրա համար էլ մելիքները ամեն զոհողություն հանձն առին ռուսների տիրապետությունը հեշտացնելու համար: Բայց