Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտական առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն:

Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երազներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար…

Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։

Այդ անակնկալ դժբախտությունից հետո, հասկանալի է Հովսեփ արքեպիսկոպոսի անմխիթար սրտի դառնությունը։ Նրա ողորմած կայսրուհին վախճանվեցավ: Նրա բոլոր բարձր գաղափարները, որոնցով ոգևորված առաջնորդում էր նա ռուսաց զորքերին,— նրա բոլոր պլանները հսւյրենիքի ազատության մասին, միանգամայն խորտակվեցան։

Նա անմխիթար, հուսահատ սրտով ինքն ևս վերադարձավ Ռուսաստան։

XXXII

Ռուսաց զորքերի հանկարծ հեռանալը բոլորովին այլ կերպով էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Արդեն Պարսկաստանից լսվում էր, որ Աղա-Մամադ-խանը պատրաստվում է մի նոր արշավանք գործել դեպի Անդրկովկաս։ Այդ պատճառով ռուսների հեռանալը վերաբերում էին նրանց վախենալուն, նրանց երկչոտությանը, իբր թե ջահի գալուստը լսածին պես, սկսեցին փախչել։ Թեև այդ ենթադրությունը պարծենկոտ մահմեդականների երևակայության ցնորքն էր միայն, այսուամենայնիվ ռուսաց հեռանալը մեծ հարված տվեց անդրկովկասյան քրիստոնյաներին. առավելապես հայերին։

Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ,— որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ