Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իրանի Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար֊խանը։

Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք֊Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք֊Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք֊Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային։

Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարզիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ֊խանը։

Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը, ահագին քանակությամբ շրջապատել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք֊Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։

Ջավադ-խանը խիստ արհամարհանքով պատասխանեց, ասելով թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնեք թշնամու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ֊խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք֊Մեջլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ֊խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ…

Այդ պատասխանից հետո Հերակլը և Իրրահիմ֊խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին