Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապրես-աղայի գլուխը կտրել տվեց և որպես ընծա ուղարկեց թշնամու բանակը նրա փեսա Մելիք-Ռուստամին։ Իսկ ապստամբներից շատերը նույնպես պատժվեցան։

Մելիք-Մեջլումը, այդ վիրավոր առյուծը, խնամվում էր Ջավադ-խանի պալատում։ Երրորդ օրում նա վախճանվեցավ։ Բայց Ջավադ-խանը երկու ամբողջ շաբաթ նրա մարմինը պահեց իր տան մեջ, բժիշկը գնում-գալիս էր, իր ժամանակին նրա սենյակում ընթրիք և ճաշ էին տանում, և ամեն օր Ջավադ-խանը ուրախությամբ հայտնում էր հայոց զորքերին, թե շուտով Մելիք-Մեջլումը բոլորովին առողջացած դուրս կգա։ Դրանով խանը կամենում էր պահպանել հայոց զորքերի եռանդը, որպեսզի իրանց իշխանի մահը լսելով չվհատվեն, մինչև ինքը թշնամու հետ գործը վերջացնե։

Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտության պայմանները արդեն կնքված էին։

Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցան Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։

Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։

Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեի[1] կրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավական տգեղ էր։ Այդ դժբախտ ամուս-

  1. Այդ Յասսեն չգիտենք Թիֆլիսի հայոց որ ազնվականների տոհմից էր։