Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք հետո ցույց կտանք, թե սովը և ժանտախտը, խառնվելով քաղաքական տագնապների հետ, որպիսի կործանիչ ներգործություն ունեցան հայ իշխանությունների վրա, իսկ այժմ այդքանը կասենք, որ մելիքները որքան էլ ցանկանային, չէին կարող դեմ դնել Աղա-Մամադ֊խանին, որովհետև նրանց ժողովուրդը այդ ժամանակ միայն հացի համար էր մտածում և վազում էր դեպի այն կողմը, ուր կարող էր հաց գտներ:

Դեռ Աղա֊Մամադ-խանը չհասած Շուշի բերդին, Մելիք-Բեգլարյան Մելիք֊Աբովը գնաց Վրաստանի կողմերը, իսկ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը կամենում էր գնալ Թիֆլիս, բայց ճանապարհին պատահեց Աղա-Մամադ-խանի խումբերին, և նրանց հետ կռիվ ունենալով, գլխից վերք ստացավ։ Նրան վիրավոր բերեցին Աղա-Մամադ-խանի մոտ, երբ նա արդեն բանակ էր դրած Ասկարանի ավերակների մոտ, Շուշի բերդից մի քանի մղոն հեռավորության վրա։

Քսան հազար թուման տուգանքը հազիվ կարողացավ ազատել Մելիք-Ջումշուդի գլուխը շահի դահիճների ձեռքից։ նրա տունը կողոպտելուց և կայքը հափշտակելուց հետո շահը նրան ներում շնորհեց։

Մելիք-Ջումշուդն անձամբ առաջնորդեց նրան, տարավ Շուշի բերդը, որը առանց ընդդիմության իր դռները բաց արեց ներքինի թագավորի առջև։ Հայոց հոգևորականությունը հանդեսով դուրս եկավ նրա առջևը և տարավ Իբրահիմ֊խանի պալատը։

Այդ հանգստի ժամանակ շահի մանկահասակ սենեկապետներից մեկի, որ կոչվում էր Սաֆարալի-բեկ, ուշադրությունը գրավեց սուրբ աստվածացնի պատկերը, ոսկեզօծ շրջանակի մեջ, որ կրում էր իր կուրծքի վրա մանուկ Հիսուսին։ նա հարցրեց` ո՞ւմ պատկերն է այդ, երբ պատասխանեցին, մոտեցավ և համբուրեց։ Նույն րոպեում նրա աչքերում երևացին մի քանի կաթիլ արտասուքներ, իսկ այդ մի քանի կաթիլները պատճառ եղան շատ արյան կաթիլների…

Աղա-Մամադ-խանը մնաց Շուշի բերդում 25 օր։ Այդ ժամանակ կամեցավ նա պատմել այն բոլոր հայ և թուրք ավագներին, որոնք իրան ընդդիմություն էին գործել Շուշի բերդի առաջին պաշարման ժամանակ և որոնք Իբրահիմ-խանի կուսակիցներ էին:

Դրանց թվում կին` Մելիք-Ռուստամը, Մելիք-Միրգախանյան Մելիք֊Ալլահվերդին և մի քանի հայ հոգևորականներ, յուզբաշիներ և տանուտերներ։ Դրանց թվումն էին Իբրահիմ-խանի եղբոր որդի