Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ մեջ ենք բերում աշխարհաբար թարգմանությունը այն տողերի, որ քաղում ենք վերոհիշյալ անտիպ պատմությունից։

«Բռնելով ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդախանձ և գիշատիչ գազանների ձեռքը։ Այդ կատաղիները կանչեցին նույն ժամում մի պայտառ[1] արհեստավոր, պատվիրեցին նրան կտրել և կազմել մի նոր օրինակով պայտ, որ վշտակիր պատանու ոտների չափին համեմատ լիներ։ Նա փութաց անմիջապես կատարելու նրանց պատվերը։ Հետո նրա ոտները մերկացնելով, և ամեն կողմից երկաթե կապանքներով պնդացնելով, գրեցին մահացու պայտերը նրա ոտների տակ, և սրածայր մեխելով գամեցին։ Առվակի նման վազում էր հորդահոս արյունը տանջվողի վերքերից և ներկում էր այն տեղը։ Հետո շղթաներով կապեցին նրա ձեռքերը, ոտները, նաև պարանոցը, և վեր առնելով, տարան Տավրեժ քաղաքը։ Այնտեղ կանգնացրին նրան ատյանում դատավորի առջև և բազմատեսակ հարցաքննություններից հետո, մահվան դատապարտեցին, հրամայելով, որ չարաչար կերպով տանջեն նրան, և անդամ—անդամ կտրատեն, հետո թողնեն գազաններին ու թռչուններին ուտելու համար։ Դատավորի հրամանի համեմատ արյունարբու դահիճները խստագույն չարչարանքներով տանում էին նրան կատարման տեղը։ Այդ միջոցին մահապարտը բաց արեց իր բերանը, սկսեց անարգել Մուհամեդի աղանդը, և խոստովանվեց թե իսկապես ինքը հավատում էր քրիստոնյաների կրոնին։ Երբ որ լսեցին նրա հայհոյությունները, կատաղի գազանների նման հարձակվեցան նրա վրա, և ամեն մարդ իր սրի ծայրը ներկում էր նրա արյունով։

Այսպես տանջելով, հասցրին նրան մահապարտների տեղը, քաղաքից դուրս։ Այնտեղ անտանելի չարչարանքներ տալով, մաս—մաս կտրատեցին նրա մարմինը, և թողեցին այնտեղ, որ արքունի հրամանի համեմատ թռչունների ու գազանների կերակուր դառնա։

Որովհետև հայերը վաղուց գիտեին նրա քրիստոնյայի զավակ լինելը, նաև Քրիստոսի հավատալը, այդ պատճառով մեծ աղաչանքով խնդրում էին, որ նահատակի մարմինը տան իրանց թաղելու համար։ Ասեցին նախարարները, թույլ տվեցեք, որ հայերը իրանց անարգ օրենքի համեմատ թաղեն։ Որովհետև ավելի վատթար էին համարում հայոց թաղումը, քան գազանների կերակուր լինելը»:

  1. Պայտառ նշ. պայտ նալ շինող