Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շարունակության մեջ նկարագրված է, թե ինչպես գիշերը լույս ծագեց նրա գերեզմանից և այլն։

Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ այդ սենեապետը առանձին համակրություն ուներ դեպի հայերը, նա Մելիք-Մեջլումի լավ բարեկամն էր, և մելիքը նրա միջնորդությամբն էր ազդում Ադա-Մամադ-շահի վրա:

XXXV

Մենը համարյա մոռացության տվեցինք, թե ի՞նչ եղավ Տիզակի իշխան Մելիք՝ Ավանյան Մելիք-Բախտամը, որր իբրև քաղաքական հանցավոր աքսորված էր Պարսկաստանի Արդավիլ բերդում (տե՛ս գլ. XXI)։

Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։

Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո, նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժանի էր, ներումն շնորհելու համար։

Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական հանցավորները միայն։ Աղա֊Մամադ֊խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։

Շահը առաջարկեց Մելիք֊Բախտամին իր հետ գնալ Ղարարաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքր թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից,—այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր