Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենիքը գնալու, նա ուղղակի դիմեք էջմիածին իր մեղքերը քավելու համար։

Էջմիածնից վերադարձավ նա Ղարաբաղ այն ժամանակ, երբ Աղա֊Մամադ֊խանը Շուշի բերդում սպանված էր և Իբրահիմ֊խանը ավելի մեծ վստահությամբ վարում էր տեղային իշխանությունը։

Մելիքը գտավ իր հայրենիքը թշվառ վիճակի մեջ. սովը սարսափելի կոտորածներ էր անում և ժողովրդի մեծ մասը ցրիվ էր եկած։ Իսկ ինքը ավելի անբախտ գտնվեցավ։ Իբրահիմ-խանը լսելով նրա գալուստը, սկսեց բարեկամական կեղծ ցույցերով հրապուրել նրան, մինչև իր սեղանի վրա կարողացավ թունավորել նրան[1]։

Տիզակի տիրապետողների իշխանությունը ամենավտանգավորն էր Իբրահիմ-խանի համար։ Նրանք Պարսկաստանին ավելի մոտ լինելով, ուղղակի հարաբերություններ ունեին պարսից բարձր Դռան հետ։ Մելիք֊Բախտամի ազատություն գտնելը Արդավիլի բանտից Աղա֊Մամադ-խանի շնորհիվ, և վերջինի սպանվելը Շուշի բերդում, շատ հասկանալի է, որ ավելի կսաստկացներ Իբրահիմ-խանի երկյուղը Տիզակի տիրապետողներից, և այդ պատճառով, Մելիք-Բախտամին տմարդությամբ ոչնչացնելուց հետո, սկսեց նա որոգայթներ լարել նրա ժառանգների համար։

Մելիք֊ Բախտամին հաջորդեց որդին, Մելիք-Աբասը։

Մեր ձեռքում գտնված մի ձեռագիր պատմությունից քաղում ենք հետևյալը Մելիք-Աբասի հատկանիշների մասին, «Նրանց (Մելիք-Ավանյանների) ազգի և սերունդների մեջ տակավին չէր ծնված, արդարև, մի այնպիսի տղամարդ պարթևական, հսկայազոր կերպարանքով և ահագնակերպ հասակով։ Իր քաջագործություններով սկսեց հետզհետե նվաճել նա ոչ միայն իր բոլոր հայրենիքը, այլև մահմեդականների ազգը։ Այդ պատճառով, տարածվելով սփռվեցավ նրա քաջության և անաչառ դատաստանների համբավը, որով պատժում էր հանցավորներին և վնասակար անձինքներին։ Առանց արծաթսիրության և կաշառքի էր կատարում նա իր դատավճիռները. մահապարտներին պատժում էր առանց

  1. Նրա գերեզմանի արձանագրության մեջ պահպանված է նենգավոր խանի ցած դավաճանության հիշատակը, «Ցայսմ տապանի հանգչի մարմին` քաջ և արի Մելիք-Բախտամին. սա էր որդի Մելիք-Աթամին. մահ և վախճան պատմեն սորին մահադեղով Իբրահիմ֊խանին. և որք հանդիպիք ի տապան սորին, միով բանի ողորմի ասէք, ամէն»