Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնայելու շատերին կախում էր մեծ ճանապարհների վրա կախաղաններիդ, և շատերին տալիս էր իր ծառաների ձեռքը, որ սրախողխող անեն հասարակության և ավազակ մարզիկների աչքերի առջև, որպեսզի ոչ ոք այնուհետև չվստահանա նույն չարությունները գործելու։ Արդարև, սարսափելով դողում էր ամբողջ գավառը նրանից։ Նրա քաջագործությունների համբավը շատ վաղ հասել էր մեծ բռնավորի (Իբրահիմ-խանի) ականջներին… Բայց նա իր սրտի ոխը ծածկած ուներ, չէր կամենում հանկարծ հայտնել մեր նախարարին (Մելիք-Աբասին), որովհետև նրա նպատակը այն էր, որ դարձնի նրան հայկական դավանությունից մահմեդական դենին…»։

Հետո երկար խոսվում է այն միջոցների մասին, որ Իբրահիմ-խանը գործ դրեց իշխանի հավատքը խախտելու համար։

Իրրահիմ-խանը, արդարև, այժմ փոխել էր իր քաղաքականության եղանակը հայոց մելիքների վերաբերությամբ։ Նա տեսնում էր, որ դավադրությունը, սպանությունը, թույնը և այլ որոգայթները նրանց կյանքի դեմ, չեն հասցնում իր ցանկացած նպատակին։ Սպանված հոր փոխարեն իշխում էր որդին, կամ նրա տոհմակիցներից մեկը։ Վերջ ի վերջո համոզվեցավ, որ փոխանակ թույնի, ավելի լավ էր նրանց ընդունել տալ մահմեդական կրոնը։ Կրոնը փոխելով նրանք ավելի հեշտությամբ կոչնչանային և կխառնվեին թուրքերի հետ։

Առաջին փորձը կատարեց նա Մելիք-Աբասի վրա, բայց նրա բոլոր խորամանկությունները փշրվեցան առաքինի իշխանի հաստատամտության առջև։ Իբրահիմ-խանը մինչև անգամ աշխատեց հրապուրել նրան իր աղջիկների գեղեցկությամբ, բայց երբ նկատեց, որ նրա հավատքը խախտելու հնար չկա, կրկին ձեռք առեց սպանության հնարները…»

Մի անգամ Մելիք-Աբասը անձամբ գնացել էր Տոր գյուղը մի քրեական գործ քննելու համար. գիշերը ստիպվեցավ մնալ և հյուրասիրվեցավ տեղային ավագ քահանայի տանը։ Գիշերը նույն տան վրա հարձակվեցան մի խումբ ձիավորներ, որ պատրաստված էին Իբրահիմ-խանից։ Նրանք գտան մելիքին քնած և անպատրաստ վիճակի մեջ։ Սրերի տակ կտրատեցին նրան։

Սպանվածի մարմինը բերվեցավ իր Տող բերդը։ Նույն ժամում, երբ եկեղեցու մեջ պատարագ էր մատուցվում և պատրաստվում էին թաղման հանդեսը կատարելու, Իբրահիմ-խանի հրամանով կատարվեցավ մի այլ չարագործություն։ Հանկարծ եկեղեցում ներս մտան խանի զինված մարզիկը, աշխատում էին հափշտակել