Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղա֊Մամադ֊խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել: Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը,— այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։

Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բռնում Հայաստանի պատմության մեջ, լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։

Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածկվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։

60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարարաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցավ Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։

Թե ի՞նչ եղան Տաճկաստան, Պարսկաստան և Ռուսաստան գաղթողները,— մենք նրանց մասին խիստ փոքր տեղեկություններ ունենք, բացի դրանից, մեր պատմության նպատակից դուրս է նրանց վրա խոսելը. կխոսենք Վրաստանի գաղթականների մասին։

Ղարաբաղի հայոց գաղթականությունը գլխավոր պատճառը դարձավ Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանմանը։ Փանահ-խանը, Իբրահիմ-խանը և այլ դրանց նմանները այնքան չվնասեցին հայոց մելիքություններին, որքան վնասեքին իրանք մելիքները, երբ թողնելով հայրենի հողը, սկսեցին իրանց ժողովրդի հետ օտար հողի վրա ապահովութուն որոնել։ Կտրվելով հայրենի աշխարհից, նրանք ղրկվեցան ամեն բանից:

Թեև Ղարարաղի մելիքները այն նախատեսությունն ունեին, որ ամեն անգամ, երբ հայրենիքում կյանքը անտանելի էր դառնում, երր ստիպված էին լինում գաղթել մի օտար երկիր, նրանք միշտ պահանջել են թե իրանց համար և թե իրանց ժողովրդի