կաթողիկոսները գտնվում էին զանազան տեղերում։ Նրանցից երկուսը մնացին Ղարաբաղում. Իսրայել կաթողիկոսը նստած էր Ամարասա վանքում, իսկ փոքր Սիմոն կաթողիկոսը՝ Երիցմանկաց վանքում։ Երրորդը, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը գտնվում էր Ղարաբաղի սահմաններից դրսում, Գանձակ քաղաքում (տե՛ս գլ. XVII)։
Բայց մի ճակատագրական դժբախտությամբ, կարծես, անխուսափելի էր դարձել, որ Ղարաբաղի մելիքները ուր և գնային, պետք էր, որ մի եկեղեցական կռիվ չար դևի նման հետևեր նրանց։ Հենց նույն տարվա մեջ, երբ մելիքները իրանց ժողովրդի հետ գաղթեցին Վրաստան, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, իր եղբորորդի Բաղդասարի հետ (որր արդեն վարդապետ էր ձեռնադրված) և իր այլ ազգականների ու մերձավորների հետ, Գանձակից տեղափոխվեցան Թիֆլիս (1798, 25 մարտի)։ Հերակլ իշխանը սիրով ընդունեց կաթողիկոսին և մեռնելուց առաջ հանձնեց իր ժառանգ Գիորգիին, որը ավելի հարգանք ցույց տվեց իր վեհափառ հյուրին։
Թիֆլիսում այդ ժամանակ, որպես Վրաստանի հայոց առաջնորդ, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության կողմից նստած էր Հովհաննես արքեպիսկոպոս պոլսեցին, որը հայտնի էր «գեղարդակիր» մականունով։ Դա խիստ գործունյա և բնավորության տեր մի եկեղեցական էր և մեծ ազդեցություն ուներ Էջմիածնի վրա։
Սարգիս կաթողիկոսի Թիֆլիսում բնակություն հաստատելը, իհարկե, շատ հաճելի չէր կարող լինել «գեղարդակրին», մանավանդ, երբ նկատում էր նա իշխան Գիորգիի համակրությունը դեպի կաթողիկոսը և վերջինի ձգտումները Վրաստանում այդ ժամանակ զետեղված ղարաբաղցի գաղթականների հովիվը լինելու։
Պետք է ասած, որ ղարաբաղցի գաղթականների ցանկությունն էլ հենց այդ էր։ Այդ ժողովուրդը սովորած էր Էջմիածնից անկախ իր առանձին հոգևոր կառավարությունն ունենալ, որպես էր բազմադարյան Աղվանից կաթողիկոսությունը։ Իսկ Սարգիսը այդ կաթողիկոսության ներկայացուցիչներից մեկն էր։
Ղարաբաղի հայերը մի ժամանակ Գանձակի գավառում զետեղվելով, նույն Սարգսին իրանց համար կաթողիկոս օծել տվին։ Այժմ Վրաստան գաղթելով, դարձյալ ցանկանում էին ունենալ իրանց առանձին հոգևոր իշխանությունը, անկախ Էջմիածնից, նույն Սարգսի հովվության ներքո։
Իշխան Գիորգիի հարաբերություններն այդ ժամանակ Էջ-