Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի ճիշտ ասած, ներկայի ծնունդն են։ Նոր մտածությունները, նոր գաղափարները կարող են խորթ, օտարոտի և մինչև անգամ վնասակար երևնալ այն անձանց, որոնք ժամանակի պահանջներին չեն հետևում, որոնք անշարմ մնում են հին նախապաշարմունքների վրա:

Ազգայնության գաղափարը վաղուց անծանոթ էր մեզ հայերիս, դեռ ներկա դարուս երկրորդ կիսաբաժնի մեջ նա սկսեց արծարծվիլ մեր մտածողների գլխում, բայց այնքան աղոտ և այնքան խառնափնթոր կերպով, որ մի որոշ կերպարանք ստանալ չկարողացավ։ Ամենաջերմ և ամենաանկեղծ ազգասերները շփոթում էին ազգը կրոնի հետ և կրոնը՝ եկեղեցու հետ։ Եվ եկեղեցուց բաժանված անդամների վյրա նայում էին, որպես հեթանոսների վրա և նրանց այլևս հայ չէին համարում։ Հայեր համարվում էի, նրանք միայն, որ պատկանում էին լուսավորչական եկեղեցուն: Եվ այսպես, ազգությունը և եկեղեցին կազմում էին մի անբաժանելի միություն, որի անջատումը, նրանց կարծիքով, կարող էր պատճառել երկուսի էլ մահացությունը։

Բայց այդ դրությունը երկար չէր կարող պահպանվել. նա ոչ միայն անբնական էր, այլ հակառակում էր ազգերի առաջադիմության օրենքներին։ Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մեկ եկեղեցուն։ Երկրագնդի վրա թե քաղաքակիրթ և թե վայրենի ազգերի մեջ չկա և երբեք չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ։ Օտար բազմաթիվ օրինակների վրա ցույց տալու հարկ չկա, այսքանը միայն կասենք, որ հայ ազգը իր հեթանոսական դարերում ուներ զանազան կրոնական աղանդներ բուն հայկական, զրադաշտական, ասորական, հունական, հրեական և մինչև անգամ չինական,— և այդ բոլոր աղանդների խառնափնթորության մեջ ազգությունը դարձյալ չէր կորցնում իր ամբողջությունը, ավելի ում և զորություն ուներ։

Քրիստոնեությունը Հայաստանում մտնելուց հետո պետք է բնականաբար միևնույն երևույթները կրկնվեին։ Մեր սուրբ Լուսավորիչ հոր հիմնած եկեղեցին չկարողացավ մնալ իր սկզբնական պարզության մեջ։ Դեո երկար ժամանակ հեթանոսական կրոնի հետքերը մնացին Հայաստանում: Այդ բավական չէ, նույնիսկ լուսավորչական եկեղեցին, կաթոլիկ և հունական եկեղեցիների ազդեցության ներքո, սկսեց փոքր առ փոքր կերպարանափոխվել, եթե ոչ ներքին դավանաբանական հիմունքների կողմից, գոնե արտաքին ծիսապաշտությունների կողմից։