Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն ժամանակ սատանան մեջ է ձգել մի որևիցե եկեղեցական կռիվ, երկպառակություն։ Դա թեև շատ տխուր է, բայց փաստ է:

Ռուսները արդեն տիրել էին Վրաստանին և պետք է տիրեին ամբողջ Անդրկովկասին։ Հայերի համար սկսվում էր մի նոր կյանք. պարսկական բռնապետությունը քայքայվում էր և տեղի էր տալիս քրիստոնյա պետության կառավարությանը։ Հայոց մելիքները աշխատում էին պահպանել իրանց վաղեմի իրավունքները այդ նոր պետության հովանավորության ներքո։ Ժողովրդի կյանքը գտնվում էր փոխանցական տագնապի մեջ, հազար ու մեկ կարիքներ կային, հազար ու մեկ հարցեր պիտի վճռվեին,— հենց այդ ժամանակներում էջմիածնում սկսվեցան կաթողիկոսական կռիվները, որ զբաղեցրին հայոց մտքերը այնքան ժամանակ, մինչև ռուսները բոլորովին հաստատվեցան Անդրկովկասում։

1799, 27 դեկտեմբերի վախճանվեցավ էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը։ Հայրապետական աթոռը ժառանգելու համար հայտնվեցան բազմաթիվ նախանձորդներ, որոնք մինը մյուսին տեղի տալով, կռվի դաշտի վրա մնացին հինգը։ Դրանք էին՝ Ռուսաստանի արքեպիսկոպոս Հովսեփը, Կ. Պոլսի պատրիարք Դանիելը, Աստրախանի եպիսկոպոս Եփրեմը և էնագետցի Դավիթ եպիսկոպոսը, որը սաստիկ խորամանկ մարդ էր և միջոցների ընտրության մեջ ամենևին խտրություն դնել չգիտեր, իսկ հինգերորդն էր թիֆլիսեցի «բոկոտն» (բոբիկ) կոչված Ստեփան արքեպիսկոպոսը [1]:

Ռուսաց կառավարության նպատակն այն էր, որ էջմիածնի հայրապետական աթոռի վրա նստեր մի մարդ, որը նշանավոր ծառայություններ էր մատուցել Ռուսաստանին, մանավանդ նրա արևելյան պատերազմների ժամանակ թե պարսիկների և թե օսմանցիների հետ։ Դա էր մեզ նախածանոթ Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը։ Այդ գործունյա, եռանդոտ եկեղեցականը դեռևս պետք էր ռուսաց տիրապետություններն առաջ տանելու համար: Պարսիկների հետ գործը տակավին վերջացած չէր. Երևանյան նահանգը և ուրիշ շատ խանություններ դեռ մահմեդականների ձեռքումն էին։

Ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը վաղուց ձգտում էր այդ նպատակին, որ ընդհանուր հայոց կաթողիկոսը դառնա, և նրա մի այդպիսի փառասիրական ձգտումը սաստիկ վայր ձգեց նրա

  1. Համարյա այդ ժամանակից սկսվեցան Դավթի և Դանիելի կռիվները, որոնք էջմիածնի վերջին կաթողիկոսների պատմության մեջ խիստ տխուր, միևնույն ժամանակ բավական ընդարձակ տեղ են բռնում