Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարումը մտածող հայերի աչքում, երբ նա իր ավելի ընդարձակ և ավելի ազգօգուտ գաղափարները թողնելով, սկսեց հետևել նեղ, եսական շահերին…

Թեև նա էջմիածնում և հայ հասարակության մեջ բազմաթիվ հակառակորդներ ուներ, բայց ռուսաց կառավարության և օսմանցոց Բ. Դռան հաճությունը ստացած, Ռուսաստանից ճանապարհ ընկավ դեպի Անդրկովկաս, որ գնա էջմիածին հայրապետական օծումն ընդունելու համար։ Արքեպիսկոպոսի վարմունքը, որ բոլորովին հակառակ էր հայոց վաղեմի ընտրողական կարգերին, շատ կարելի է, որ մեծ խռովությունների պատճառ տար, եթե ճակատագիրը այլ կերպ չտնօրիներ։ 1801 թ. փետրվարի 10-ին փառավոր հանդեսով մտավ նա Թիֆլիս։ Նա գտավ իր բարեկամ վրաց Գիորգի իշխանին արդեն դրած դագաղի մեջ[1] Իշխանի մահը արքեպիսկոպոսին սաստիկ տխրություն պատճառեց։ Նրա հետ մեռան սրբազանի սրտի խիստ մոտ խորին բաղձանքները...

Իշխանի դագաղը դեռ դրված էր Սիոնի մայր եկեղեցում, երբ 1801 փետրվարի 16-ին, նույն եկեղեցում կատարվեցավ Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության տոնախմբությունը և կարդացվեցավ Պողոս 1 կայսրի հրովարտակը, որ ավետում էր այդ միավորությունը։

Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվում էր գեներալ-մայոր Լազրևը, որ կարգված էր իբրև Վրաստանի զինվորական իշխանության ներկայացուցիչ։

Կայսրի հրովարտակի ընթերցումից երեք օր հետո կատարվեցավ իշխան Գիորգիի թաղման հանդեսը, որին ներկա էր ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը։ Գիորգիի թաղման հետ վրաց իշխանությունը վերջացավ:

Այդ թաղումից հետո ինքը Հովսեփ արքեպիսկոպոսն անկողին մտավ և կարճատև հիվանդությունից հետո վախճանվեցավ, առանց էջմիածինը տեսնելու, առանց կաթողիկոսական օծումն ընդունելու։ Նրա հետ մեռան և հայոց մելիքների մնացած հույսերը…

Նույն տարվա մեջ (1801, 12 մարտի) վախճանվեցավ Պողոս I կայրսը և ռուսաց գահի վրա նստեց Ալեքսանդր I։

Գիորգիի մահից հետո ավելի սաստիկ կերպով հուզվեցավ երկպառակությունը վրաց իշխանազն ժառանգների մեջ։

  1. Գիորգին վախճանվեցավ 1800 թ. դեկտեմբեր ամսում