Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գտնվեցան նրանց մեջ այնպիսիները, որ սկսեցին բողոք հայտնել Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության մասին, սկսեցին գրգռել կովկասյան լեռնաբնակներին և պարսիկներին ռուսների դեմ[1]։

Այդ բողոքողներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։ Նրա գործողությունները բավական մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, բայց մենք համառոտ կերպով մեջ կբերենք այնքանը միայն, որ վերաբերություն ուներ հայոց մելիքների հետ։

Վրաստան գաղթած հայոց մելիքներից ավելի ուժ և նշանակություն ստացավ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը։ Նա որպես քաջ և պատերազմասեր էր Ղարաբաղում, նույնը եղավ և Վրաստանում։ Բացի Ղարաբաղից իր հետ բերած հպատակներից, նա իր իշխանության ներքո հետզհետե հավաքում էր և այն գաղթականներին, որոնք Հայաստանի զանազան կողմերից փախչելով, Վրաստանում ապաստան էին գտնում։ Այսպիսով, նա այնքան բազմացրեց իր ժողովրդի թիվը, որ կարող էր ամեն անգամ մի քանի հազար ձիավորներ կռիվի դաշտ դուրս բերել։ Դրանով չբավականանալով, Մելիք-Աբովը աշխատում էր 1000 հայ ընտանիքներ Ախալցխայի վիճակից (որը այդ ժամանակ օսմանցոց իշխանության ներքո էր գտնվում) տեղափոխել Վրաստան իր կալվածների վրա։ Այդ մտքով նա իր ձիավորների խումբերով անդադար արշավանքներ էր գործում, անցնում էր Տաճկաստանի սահմաններից և ամեն անգամ ահագին ավարով հետ էր դառնում։ Շատ անգամ նրա ասպատակները հասնում էին մինչև էրզրումի պարիսպների մոտ։ Եվ որովհետև այդ բոլորը այն ժամանակ սովորական իրերի կարգում էր, այդ պատճառով Մելիք֊Աբովի վստահություններին սահման չէր դրվում։

Մելիք֊Աբովն այնքան նշանակություն ստացավ իր քաջ ձիավորների խումբերով, որ երկրի մեջ վաճառականական հարաբերությունները ապահով դրության մեջ պահելու համար և ժանապարհների վրա կարավանների երթևեկությունը ավազակների հարձակումներից անվտանգ պահպանեյու համար հանձնվեցավ նրան քարվան-բաշիության պաշտոնը։ Այդ պաշտոնի նշանակությունն այն էր, որ նա պիտի պահեր ճանապարհների վրա պահականոցներ, նրա ձիավորները պետք է ուղեկցեին կարավաններին մի իջևանից մինչև մյուսը, որ վտանգ չպատահեր։ Այդ

  1. Այդ ժամանակ տեղի ունեցավ Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը Վրաստանի վրա