Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրաց ազնվականների հետ։ Դրանք իրանց հետ առնելով մի քանի գունդ պարսկական հեծելազորներ, և միանալով Ղազախի ու Շամշադինի թարաքամների հետ, և մի կողմից էլ ապսամբեցնելով լեզգիներին, բոլորովին կտրեցին Վրաստանի հաղորդակցությունը Ցիցիանովի բանակի հետ, որը գտնվում էր Երևանի պարիսպների մոտ։

Ցիցիանովը, որ կամենում էր պաշարել Երևանը, ինքը պաշարման դրության մեջ մնաց։ Պարսիկները ամեն կողմից շրջապատեցին նրան։ Այդ ժամանակ պակասեց Ցիցիանովի զորքերի պաշարը։ Թեև Էջմիածնի վանքը իր հացի ամբարներից մեծ օգնություն մատակարարեց, բայց Ցիցիանովը կարոտություն ուներ և ռազմամթերքի. վառոդը սպառվելւ վրա էր. նրան պետք էին ավելի շատ թվով թնդանոթներ։

Այդ միջոցին Մելիք-Աբովի որդի Ռոստոմ-բեկը, իր սեփական հեծելազորների խումբով, այլև իր հետ առնելով 500 ռուսաց զինվորներ, երկու անգամ զարմանալի քաջությամբ անցավ պարսիկների միջից և Ցիցիանովի բանակին Թիֆլիսից վառոդ, թնդանոթներ և այլ ռազմամթերք հասցրեց։

Երբ նա այդ նպատակով պիտի կատարեր իր երրորդ արշավանքը, Փամբակի ձորում, Ղուրսալու գյուղի մոտ պատահեց պարսից զորքերի։ Նրանց թիվը 800 հոգի էր, գտնվում էին Փիր-Կուլիխան անունով մեկի գլխավորության ներքո։ Այդ միջոցին պարսից զորքերի հետ միացավ վրաց իշխանազն Ալեքսանդրը 3000 ձիավորներով։ Չնայելով պարսից ուժերի անհամեմատ գերազանցությանը, նրանք ամբողջ երեք օր կանգնած մնացին և չէին վստահանում կռիվ սկսել Ռոստոմ-բեկի փոքրաթիվ խումբի հետ։ Երբ վերջապես սկսվեցավ կռիվը, Ռոստոմ-բեկն ընկած ռուսաց զորքերի առջևը, երկար քաջությամբ պատերազմում էր։ Հանկարծ նրա ձին գնդակահար լինելով, ցած գլորվեցավ։ Ռոստոմ-բեկը նստեց մի այլ ձիու վրա, և կրկին նետվեցավ կռվի մեջ։ Չնայելով, որ նա արդեն երկու վերք էր սատացել, բայց տակավին շարունակում էր կռվել։ Երբ երրորդ վերք ստացավ աջ ձեռքի վրա, այդ ժամանակ արյունաշաղախ ցած ընկավ։ Նրա ընկնելուց հետո պարսիկները մայոր Կոնդրատևին սպանեցին և ռւսաց բոլոր զինվորներին կոտորեցին։

Ռոստոմ-բեկին տարան պարսից թագաժառանգի, Աբաս-Միրզայի, բանակը։