Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արքեպիսկոպոսի վախճանվելուց հետո, ստեպ դիմում էին Ղարաբաղի մելիքները, իրանց զանազան վշտերը հայտնելով.

«Իմ մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանի սուրբ գահին և Շուշիում իմ ցույց տված քաջագործությունները, դեռ Զուբով զորավարի ժամանակից,— բոլորին հայտնի են։ Կարելի է, որ ձեզ ևս անհայտ չէ, թև որպես հալածական արինք և ցրվեցինք երկրի երեսին Աղա-Մամադ֊խանի ահարկու զորախումբը։ Այս պատճառով Հերակլ թագավորը, կամենալով մեզ (Ղարաբաղի մելիքներին) իրան օգնական ունենալ, երդումներով և թղթերով հավատացրեց մեզ, որ գայինք նրա մոտ, բնակվեինք նրա տերության մեջ, և համարվեինք հավասար նրա առաջնակարգ թավադների ու կնյազների հետ։ Մենք եկանք։ Իր խոստման համեմատ թագավորը տվեց մեզ Բոլնիսը, իսկ իր պալատում մեզ տեղ նշանակեց իր բոլոր ավագներից բարձր։ Մեր մի այսպիսի դրությունը տևեց Հերակլի և Գիորգիի թագավորության ընթացքում։ Իսկ այժմ մենք զրկված ենք թե հողից, թե կալվածներից և թե հարգանքից. որովհետև ամենքը նեղացնում են մեզ, աշխատում են խլել մեզանից Բոլնիսը և պահանջում են տասներորդ մասը մեր հունձքերից։ Այդ բոլորը այն աստիճան անախորժ է մեզ, որ մենք այսուհետև ամենևին ցանկություն չունենք այլևս բնակվել այստեղ (Բոլնիսում)։ Երբ որ ես շինություններով և բնակիչներով ծաղկեցրի այդ գավառը, մաքրեցի նրան բոլոր թշնամիներից և վայրենիներից,— ապա այնուհետև միայն հայտնվեցան զանազան տերեր, որոնցից մեկը տեր է կանգնում ջրանցքներին, մյուսը աշխատում է սեփականացնել իրան լեռները, երրորդը — հողը… Այդ բոլորից հետո, եթե Բոլնիսի բոլոր քարերը ոսկի դառնալու լինեն, այն ժամանակ ես, հրաժարվելով կհրաժարվենք այդ երկրից։ Ոչ փող մնաց մեր քսակներում և ոչ համբերություն… մեր օրերը անց ենք կացնում ատենական տեղերի դռներում և ոչ մի տեղից օգնություն չենք գտնում…

Այդ բոլորի առիթով ես մատուցի հանուն կայսրի ամենախոնարհաբար խնդիրը, որպեսզի ամենաողորմածաբար թույլ տրվեր մեզ մեր ժողովրդի հետ տեղափոխվել մեր հայրենիքը` Ղարաբաղ, ապրելու և բնակություն հաստատելու այնտեղ։ Բոլորը, ինչ որ ես թղթի վրա խոստացել եմ ամենաողորմած թագավորին, միևնույնը այժմյանից երդումով խոստանում եմ կատարել հօգուտ արքունի գանձարանի: