Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջացնում եմ նամակը, խնդրելով Լազարյանի միջնորդությունը կայսրի մոտ, իր առաջարկած մի քանի պահանջների մասին, որոնց մեջ դառնացած ծերունին առանձին կերպով շեշտում է, որ թույլ տրվի իրան իր հպատակների հետ վերադառնալ Ղարաբաղ։

Մեր ընթերցողներին հայտնի է, որ Պողոս I կայսրի բարձրագույն հրովարտակի համեմատ, վրաց Գիորգի իշխանը իր առանձին հրովարտակներով Բոլնիսի գավառը շնորհեց Մելիք-Աբովին, իսկ Լոռիի գավառը շնորհեց Մելիք-Զումշուդին, որոնց մեջ նրանք առանձին արտոնություններով գաղթականություն էին հիմնել դեռ Հերակլ իշխանի օրերում (տե՛ս գլ. XXXVI)։ Մելիք-Ջումշուդը, որպես հետո կտեսնենք, նկատելով Գիորգիի մահից հետո Վրաստանում տեղի ունեցած անախորժ հանգամանքները, և մելիքների հարաբերությունների տեղային ռուս պաշտոնակալների հետ աննպաստ կերպարանք ստանալը, վշտացավ, և վաճառելով Լոռին ռուսաց կառավարությանը, իր հպատակների հետ վերադարձավ Ղարաբաղ։ Նույնը, նույն հանգամանքների պատճառով, կամենում էր անել Մելիք-Աբովը։ Բայց նրան արգելում էին, որովհետև վրացիները այժմ մելիքների մեջ շատ պետքեր չունեին…

Որքան էլ մեծ չիներ Մելիք֊Աբովի ցանկությունը իր հայրենիքը տեսնելու, իր ժողովրդի հետ իր նախահարց հողի վրա ապրելու, այսուամենայնիվ, իր բաղձանքին հասնել չկարողացավ նա։

Հետզհետե նրա հարաբերությունները վրաց ազնվականների հետ, Բոլնիսի և այլ կալվածական խնդիրների պատճառով, ավելի և ավելի թշնամական կերպարանք ստացան։ Եվ որպես պատմում են, մի հրավերքի մեջ, Թիֆլիսում, թունավորված լոբին կարճատև հիվանդությունից հետո նրան գերեզման տարավ (1808)։ Նույն հրավերքի մեջ թունավորվելով մեռավ նրա քարտուղարը` Միրզա-Իսաբախշը։

Մելիք-Աբովի մահից հետո հաջորդության մասին երկպառակություններ ծագեցան Մելիք-Բեգլարյանների տոհմի մեջ։ Հանգուցյալի անդրանիկ որդին, Ռոստոմ-բեկը, որը մելիքների սովորությամբ պետք է հաջորդեր նրան, որպես տեսանք, Թավրիզում մահվան դատապարտվեցավ։ Նրա մյուս երկու որդիները, Մանաս-բեկը և Սայի-բեկը, դեռ բավական երիտասարդներ էին։ Տոհմի մեջ նշանավոր մնում էր հանգուցյալի եղբորորդի[1] Ֆրեյդունը, որը

  1. Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Բեգլար II որդին էր