Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ խելացի և քաջ տղամարդ էր, և դեռ Մելիք-Աբովի կենդանության ժամանակ հայտնի էր իր արժանավորություններով։ Նա Ղարաբաղի մելիքների կողմից Ս. Պետերբուրգ ուղարկված (1799) պատգամավորներից մեկն էր, որը ներկայացավ Պողոս I կայսրին և արժանացավ նրա ամենաողորմած շնորհներին (տե՛ս գլ. XXXVI)։

Ամենի ցանկությունն այն էր, որ Մելիք-Աբովի հաջորդը լինի Ֆրեյդունը, և նա ընտրվեցավ, բայց նրա իշխանությունը կարճատև եղավ։ Նա գրգռեց իր եղբոր` Սամի նախանձը, որը սաստիկ կատաղի մարդ էր։ Մի անգամ տաք վիճաբանության ժամանակ, Սամը հարձակվեցավ Ֆրեյդունի վրա և խենջարով այնպիսի զարկ տվեց նրա գլխին, որ սպանեց հարազատ եղբորը (1808)։ Այդ ցավալի անցքից հետո եղբայրասպանը ատելի դարձավ իր տոհմի մեջ և չհասավ այն փառքին, որին ձգտում էր։ Մելիք-Ֆրեյդունի[1] փոխարեն հաջորդ ընտրվեցավ հանգուցյալ Մելիք-Աբովի որդի Մանաս-բեկը։

Այդ վերջինի ժամանակներում մելիքների նշանակությունը Վրաստանում բավական ընկավ։ Հակառակ Պողոս I կայսրի բարձրագույն շնորհված արտոնությունների, հակառակ այն իրավունքների, որ նրանք վայելում էին Հերակլ և Գիորգի իշխանների օրերից,— այժմ սկսեցին փոքր առ փոքր սահմանափակել նրանց իրավունքները, իսկ հետո աշխատում էին իսպառ ոչնչացնել։

Այդ բոլորի պատճառը էր այն ժամանակվա ռուս կառավարիչների կամայականությունը, որի դեմ սաստիկ բողոքում էին մելիքները, շատ անգամ դիմելով ռուսաց բարձր կառավարությանը։ Երբ Մելիք-Աբովի և Մելիք֊Ֆրեյդունի մահից հետո Մանաս-բեկը դիմեց գլխավոր հրամանատար գեներալ Տորմասովին, խրնդրելով, որ հաստատեն իրան ժառանգական տիրապետողի իրավունքներով Բոլնիսի բնակիչների վրա, նրան բոլորովին մերժեցին, պատասխանելով, թե ոչ Բոլնիսը և ոչ այդ գավառի բնակիչները ոչ ոքին չեն պատկանում, բացի թագավորից։ Եվ մինչև անգամ հրամայվեցավ կալանավորել Մանաս-բեկին, պահել Թիֆլիսում խիստ հսկողության ներքո, որ նա Բոլնիսի բնակիչների մեջ այլևս վրդովմունք չհարուցանե։

Հայտնի է, որ Բոլնիսը բնակեցրած էր ղարաբաղցի գաղթականներով, որոնք Մելիք-Բեգլարյանների հպատակներն էին և

  1. Մելիք-Ֆրեյդունը թողեց վեց որդի` Մելիք-Հովսեփ, Շամիրխան, Դավիթ, որ տեղափոխվեցավ Հնդկաստան, Թալիշ, Թեյմուրազ և Բեգլար III: